Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը քիչ առաջ այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:


Ինչպես տեղեկացրին ՄԻՊ գրասենյակից, պաշտպանն առանձնազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ, ուսումնասիրվել են պահման պայմանները: Բարձրացված մի շարք հարցեր առանձնազրույցից անմիջապես հետո քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ և ստացել լուծում:

 

Ռոբերտ Քոչարյանի կողմից չեն ներկայացվել դժգոհություններ քրեակատարողական հիմնարկի ծառայողների վերաբերմունքից: 

 

Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնված է քննարկման ընթացակարգ՝ օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:

 

Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է լիարժեք համագործակցել նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հետ: 

 

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդության քննությանը մասնակցել է նաև Քոչարյանը, ով դատարան է մտել հետնամուտքով: ՀՔԾ-ն Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: 


Դատարանը որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը: