Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարում Հայաստանում առկա երկու իրականությունների սինխրոնիզացումը: «Ընդհանրապես, միշտ մտածել եմ, որ մեր ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է: Նախկինում բնորոշում էի այն հետևյալ կերպ, որ ունենք գրված Սահմանադրություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են ըստ դրա, մյուս կողմից՝ ունենք իրականություն, որտեղ հարաբերությունները կարգավորվում են այլ կերպ: Մեր խնդիրը այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է, և մենք Հայաստանում այդ գործով ենք զբաղված»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնում ինքը տեսնում է, որ զուգահեռ իրականություններ ունենք նաև կառավարման, մասնավորապես, կրթության ոլորտում: «Տարբեր գերատեսչություններում ունենք կրթական տարբեր հաստատություններ՝ դիվանագիտական ակադեմիա, պետական կառավարման ակադեմիա, արդարադատության ակադեմիա, համոզված եմ, էլի ակադեմիաներ կան, որոնք այս պահին չենք հիշում: Բայց մյուս կողմից՝ ունենք բուհական համակարգ, որտեղ պատրաստում են իրավաբաններ, դիվանագետներ, նույնիսկ արտակարգ իրավիճակների մասնագետներ: Որոշ դեպքերում այս զուգահեռ կրթական իրականությունը ծագել է այն պատճառով, որ ավանդական կրթական համակարգը չի կարողանում պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնց հնարավոր լինի ներգրավել պրակտիկ աշխատանքի մեջ: Կանխավարկածն այն է, որ, օրինակ, ԱԻՆ-ում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում, բայց առաջարկում եմ հարցադրում՝ արդյոք այստեղ տրամաբանության խնդիր չունե՞նք, արդյոք չպե՞տք է խնդիր առաջադրենք, որ սինխրոնիզացնենք բուհական, կրթական համակարգը: Բուհերը պետք է պատրաստեն մասնագետներ, որոնք իրոք կլինեն մասնագետներ, այլ ոչ թե այնպիսի մասնագետներ, որոնք ձեռնտու չեն պրակտիկորեն: Ինչպիսի՞ լուծում կարող է լինել. օրինակ, եթե համոզված ենք, որ դիվանագիտական ակադեմիան ավելի լավ կրթություն է տալիս՝ ունենալով մագիստրատուրայի կարգավիճակ, ինչո՞ւ չենք նույնականացնում արտաքին հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ: Այդ լիազորությունը պատվիրակենք առավել բարձր որակ ապահովող օղակին»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ առաջիկա քննարկումների ժամանակ պետք է այս հարցն անպայման ուշադրության կենտրոնում պահել: