Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանը օգոստոսի 3-ին՝ ժամը 18.10-ին, ահազանգել է բաժին, որ օգոստոսի 2-ին Արարատի բաժնում գրանցված դեպքով այցելել է Վիրաբ Պ.-ի բնակարան՝ բացատրություն վերցնելու։ Սակայն վերջինս իր ներկայությամբ հանել է ինքնաշեն ատրճանակը և կրակել տան պատին: Այս մասին հայտնում է ոստիկանության պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ օպերատիվ խումբը մեկնել է նշյալ անձի բնակարան: Ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և ագրեսիվ վարքագիծ դրսևորելու համար ոստիկանները փորձել են բերման ենթարկել Վիրաբ Պ․-ին, երբ վերջինս գոտկատեղին՝ տաբատի մեջ թաքցրած ինքնաշեն ատրճանակը հանել է, պահել օպերատիվ խմբի ուղղությամբ և սպառնացել, որ կկրակի:
Վիրաբ Պ-ի հնարավոր գործողությունները խափանելու նպատակով ոստիկանների կիրառած ձեռնամարտի համապատասխան հնարքների շնորհիվ նրա ձեռքից վերցվել է ատրճանակը, և ժամը 19.00-ին նա բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին, ապա ներկայացվել Վեդիի քննչական բաժին:
Ատրճանակն առգրավված է: Կատարվում է քննություն: