Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը Սահմանադրական դատարանի նախկին անդամ Վալերի Պողոսյանի անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի տեսնում։

Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ վարույթն իրականացնող մարմինն անհրաժեշտության դեպքում պատրաստ է ապահովել պաշտպանություն։

 

Բանն այն է, որ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն Առաջին ալիքի եթերում հայտարարել էր, թե Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել 2008 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման հարցով որոշում կայացնելու համար։ Վալերի Պողոսյանն էլ այս հայտարարությունից հետո լրագրողի հետ զրույցում նշել էր․ «ՀՔԾ-ն, որ իմ ազգանունը հրապարակել է, իմ անվտանգության մասին մտածե՞լ է, թե՞ ես էլ իրենց համար միջոց եմ, ոչ թե մարդ»։

Ինչ վերաբերում է Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքին՝ նա նշեց, որ «Վիքիլիքսի» հրապարակման հիման վրա չի մեղադրանք առաջադրվել, այլ դրա համար եղել են համակցված ապացույցներ։ «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը նրա կողմից հանցանքը կատարելու մասին վկայող ապացույցների բավարար համակցությունն է։ Ապացույցները սպառիչ թվարկված են «Քրեական դատավարության» օրենսգրքում։ Այսինքն՝ այդ ապացույցների ցանկից դուրս որևէ այլ փաստական տվյալ չի կարող դրվել մարդու մեղադրանքի հիմքում։ Եթե անձին մեղադրանք է առաջադրվել, ուրեմն եղել են «Քրեական դատավարության» օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով ձեռք բերված ապացույցներ։ Ես չեմ ցանկանում փակագծերը բացել, խոսել, թե ինչ ապացույցներ են դրանք եղել, բայց կրկնում եմ, որ «Վիքիլիքսի» հրապարակման հիման վրա չի մեղադրանք առաջադրվել»,-ասաց Սասուն Խաչատրյանը։

 

Օրեր առաջ Սասուն Խաչատրյանը իր հարցազրույցում նշել էր, որ Արմեն Գևորգյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է՝ հաշվի առնելով տարիներ առաջ «Վիքիլիքսի» հրապարակումը: «Համաձայն այդ հրապարակման՝ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել էին ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում: ՍԴ-ն պետք է որոշում կայացներ, և այդ ժամանակ ճնշում է գործադրվել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ: Վերջինս դիմել էր ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին ու հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր վրա ճնշում են գործադրում իր եղբոր միջոցով, ով այդ ժամանակ աշխատում էր երկրորդ նախագահի աշխատակազմում: Քանի որ մենք այս բոլոր գործընթացները դիտարկում ենք ամբողջականության մեջ, այս ուղղությամբ ևս քննություն իրականացրեցինք, և վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Պարզվեց, որ Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյայի հետ փորձել է ճնշում գործադրել Վալերի Պողոսյանի վրա: Երևի թե ստացվել է, արդյունքի հասել են, որովհետև ի վերջո Վալերի Պողոսյանը չի մասնակցել այդ գործով քվեարկությանը»,-ասել էր նա։

Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել «ՀՀ Քրեական օրենսգրքի»՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն  նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: