Հայաստանը ժողովրդավարական երկիր է, և իշխանությունները որևէ խնդիր չեն տեսնում, որ ընդդիմությունը որոշել է իր դիրքորոշումն արտահայտել հանրահավաքների եղանակով: Այս մասին հոկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը: «Եթե նրանք որոշել են, որ իրենց դիրքորոշումները պետք է արտահայտեն հանրահավաքներ անցկացնելու եղանակով, թող անեն, մենք որևէ խոչընդոտ չենք տեսնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սահակյանը:

 

Պատգամավորն ընդգծեց, որ իշխանություններն ունեն իրենց ձևավորած կառավարությունը, որի ծրագրերին համահունչ առաջ են շարժվում: «Մենք ունենք մեր դիրքորոշումը, մեր ծրագրերը և առաջ ենք տանում դրանք»,- ասաց նա:

 

Անդրադառնալով դիտարկմանը, թե ոչ իշխանական ուժերը պահանջում են իշխանությունների հրաժարականը, Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ իշխանություններ ասվածը լայն հասկացություն է: «Եթե նրանք պահանջում են օրինակ օրենսդիր իշխանության հրաժարականը, ապա ես պետք է մեր գործընկերներին հիշեցնեմ, որ իրենք էլ են այդ իշխանության մի մասը: Դրա համար ես կխնդրեի հստակեցնել, թե նրանք կոնկրետ ում հրաժարականն են պահանջում»,- նշեց Սահակյանը:

 

Միևնույն ժամանակ Հովհաննես Սահակյանն ընդգծեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու է ընդդիմությունը ստացել «ոչ իշխանական ուժեր» ձևակերպումը: Նա ընդգծեց, որ ոչ իշխանական բազմաթիվ ուժեր կան, որ համագործակցում են իրենց հետ: «Ինձ համար իսկապես խորթ է այն, որ ընդդիմությունը համակերպվել է այն մտքի հետ, որ իրենք սահուն կերպով դարձել են ոչ իշխանական ուժեր»,- նշեց նա: