Տավուշի մարզում մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Այսօր՝ օգոստոսի 13-ին ժամը 18։00-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում թիվ 46 տան դիմաց բախվել են Ford մակնիշի 30 OL 672 համարանիշի եւ ՎԱԶ 21099 մակնիշի 34 MV 814 համարանիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Վթարի հետեւանքով մեկ քաղաքացի տեղում մահացել է, 4-ը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել Դիլիջանի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

 

Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր․Օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։

Ականատեսները պատմել են, որ Ford-ը կայանված է եղել տան դիմաց՝ ճանապարհի թույլատրելի հատվածում, երբ ՎԱԶ 21099-ը բախվել է Ford-ին, իսկ ՎԱԶ 21099-ի վարորդը ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակից է։