Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել: Արդյունքում Հայաստանում ավելանում է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Այս մասին տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ծանրոցներով թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է և դիտարկվում է որպես մաքսանենգություն՝ առաջացնելով քրեական պատասխանատվություն: ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում ևս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելված է:
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում տարեսկզբից մինչև օգոստոսի 17-ը թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղերով ծանրոցների Հայաստան փոխադրման 20 դեպքով հարուցվել է քրեական գործ, իսկ «հաշիշի յուղ» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ էլեկտրոնային ծխագլանակների տեղափոխման դեպքերով հարուցվել է 14 քրեական գործ:
Թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից: Հաշվի առնելով դեպքերի աճը՝ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնպահ մնալ նման պարունակությամբ ծանրոցներ ստանալուց և առաքելուց, միաժամանակ այդ մասին իրազեկել նաև արտերկրում բնակվող հարազատներին և ծանոթներին»,- ասված է ՊԵԿ հաղորդագրությունում: