Երևանի քաղաքապետի Ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանն անդրադարձել է այն գնահատականներին, որ քաղաքապետարանը այնպես է աղբահանության պայմանագիրը կազմել, որ միայն «Սանիթեք» ընկերությունը կարողանա հաղթել մրցույթը: «Այս պայմանագիրը լավագույն պայմանագրերից մեկն է եղել՝ որպես իրավական փաստաթուղթ: Այլ բան է, որ կատարող օպերատորը թերանում է: Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, բայց թերանում է «Սանիթեք»-ը: Անցյալ տարի էլ նման դեպք եղավ»,-ասել է նա: Կամո Արեյանը նշեց, որ, որպես քաղաքապետի պաշտոնակատար, ընթացակարգով բոլոր քայլերը ձեռնարկել է, տույժի է ենթարկել «Սանիթեք» ընկերությանը:
Փաստորեն, ըստ Արեյանի տրամաբանության, եթե պայմանագրի մի կողմը թերանում է իր պարտականությունները կատարելիս, ապա երկրորդ կողմը, որը, ըստ էության, պարտավոր է վերահսկել պայմանագրի իրականցման գործընթացը, ոչնչում մեղավոր չէ: «Սանիթեքը» թերացել է, իսկ քաղաքապետարանը՝ ոչ: Լավ է դեռ Երևանը աղբի մայրաքաղաք վերածելու վերջին՝ եզրափակիչ փուլում քաղաքապետարանում լուսավորվել են և որոշել, որ կարելի է եթե չլուծել խնդիրը, ապա գոնե մի երկու կոպեկ տուգանքի վրա ձեռքերը տաքացնել: Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրով սահմանված ծառայությունները ոչ պատշաճ իրականացնելու համար «Սանիթեք» ընկերությունը տուգանվել էր 12.000.377 դրամի չափով։ Համաձայնեք՝ կոպեկներ այս ընկերության համար, որը անգամ տուգանվելուց հետո շարունակում է թերանալ: Քաղաքացիներից կարծիքներ են հնչում, որ մինչ «Սանիթեք»-ի միասնական օպերատոր դառնալը՝ մայրաքաղաքն ավելի մաքուր էր` չնայած աղբը հավաքող տեխնիկան էր վատ վիճակում: Այդուհանդերձ, համայնքների աղբահանությունը տարբեր ընկերություններ էին իրականացնում, եւ մրցակցության պայմաններում էլ աղբահանությունն ավելի լավ վիճակում էր: Եթե Արեյանը ցանկանում էր արդարացնել իր՝ 20 տարի շարունակ քաղաքապետարանում գտնվելը, գուցե գնար հեղափոխական քայլի և որոշում կայացներ չեղարկե՞լ «Սանիթեք»-ի հետ կնքած պայմանագիրը: Այդ քայլին գնալու համար առիթներն ավելի քան բավարար են: Ի վերջո, այս երկար ու ձիգ տարիների ընթացքում առնվազն մեկ անգամ երևանցիների սրտից բխած որոշում կկայացներ:
Արեյանն, ամեն դեպքում, ադապտացվում է նոր իրողություններին և կարծես չի կորցնում կրկին քաղաքապետարանում հայտնվելու հույսը: Գուցե հենց դրանով է պայմանավորված Արեյանի հեռակա «քաղաքական ֆլիրտը» քաղաքապետի ՔՊ թեկնածուի հետ: Պարզվում է՝ նա ոչ միայն վատ բան չի կարող ասել Հայկ Մարությանի հետ, այլ որևէ խնդիր չի տեսնում պոտենցիալ նոր քաղաքապետի հետ աշխատելու մեջ: Իհարկե, գործող իշխանության հետ լեզու գտնելը հնարավորություն կտար լուծել մի շարք տհաճ խնդիրներ: Գաղտնիք չէ, որ այս տարիների ընթացքում Արեյանի անվան հետ բազմաթիվ բացասական երևույթներ են կապվել՝ կոռուպցիա, «թայֆաբազություն», օրինազանցություն հանդիսացող տարատեսակ բացահայտումների շղթայի մեջ նրա անւոնը մշտապես ներկա էր: Իսկ որ մի գեղեցիկ օր Արեյանի դուռը կարող է թակել ԱԱԾ-ն, և հենց այդ հեռանկարից խուսափելու համար էլ Արեյանն այսօր պատրաստ է աշխատել ցանկացածի հետ, ով կստանա նոր իշխանությունների օրհնությունը: Չնայած, այս դեպքում էլ տրամաբանական հարց է առաջանում՝ իսկ Արեյանը այլընտրանք ունե՞ր…