Ազգային ժողովում շարունակվում են 2014 թվականի բյուջեի քննարկումները:

 

Այսօր Ազգային ժողովում էր Քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը նախ նշեց, որ շինարարության տեմպերը դանդաղել են, այնուհետև հարցով դիմեց քաղաքաշինության նախարարին. «Ի՞նչ է անհրաժեշտ շինարարության տեմպերի ավելացման համար, օրենսդրական նախաձեռնությո՞ւն»։

 

Սամվել Թադևոսյանը հարցը ժամանակավրեպ համարեց։ «Այսօրվա վիճակում չի կարելի գնահատական տալ՝ անկում կա, թե' ոչ, քանի որ շինարարական աշխատանքներն ավարտվում են տարեվերջին: Թվերը փոփոխվելու են, սակայն տնտեսական անկում կա, ու դա պայմանավորված է միջազգային վարկերի նվազմամբ»,-նշեց նախարարը:

 

Սակայն ԲՀԿ-ական պատգամավորը հայտնեց, որ Երևանում շինարարական կանոնների համատարած խախտումներ են լինում: Պատգամավորի այս հայտարարությանն արձագաքնեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը. վերջինս խնդրեց տարբերել շինարարական նորմերը քաղաքաշինական կանոններից: «Համատարած քաղաքաշինական նորմերի ու կանոնների խախտում չկա»,-ասաց Արեյանը։

 

Արձաքանգելով փոխքաղաքապետի խոսքերին' Մելքումյանն ասաց, որ խոսքը ՍԻՊՏ-երի մասին չէ:

 

«Հանրային հնչեղություն ունեցող հանրային շարժումներ կան, ու պետք է լուծում գտնել, չի կարելի հանրային իրադարձությունների ներքո միայն լուծել այդ խնդիրները, պետք է օրենսդրական լուծում գտնել: Օրինակ՝ ի՞նչն է խանգարում, որ Վրաստանի նման իրականացնենք նախագծերը, մեկ պատուհանի սկզբունքով հաստատվեն»,-հարցրեց Մելքումյանը:

 

Վերջինիս ի պատասխան` Արեյանն ասաց. «Իմ մանկության երազանքը չէ նմանվել Վրաստանին: Սպանեցիք էլի՝ «Վրաստաʹն, Վրաստաʹն», ի՞նչ կա այնտեղ»: