ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից էր ներդրումային ծրագրի շրջանակներում «Արման ընդ պարտնյոր» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին օրենքի նախագիծը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Միանասյանը նշեց, որ ընկերությունը զբաղվում է սառնարանային պահեստների և սառանարանային տնտեսության գործունեությամբ, որը հնարավորություն է տալիս ավելի երկար ժամկետով պահպանել հայակական մրգերը և ավելի լավ շրջանում արտահանել։

 

«Դա կարող է  էականորեն նպաստել ավելացված արժեքի առաջացմանը։ 5 մլրդ դրամի չափով ներդրում է նախատեսված ամբողջ պրոյեկտի մեջ՝ ներառյալ շինարարական աշխատանքների, որից միայն 244 մլնն է, որ սարքավորումների ներմուծումն է։ 3 տարվա ընթացքում կստեղծվի լրացուցիչ 100 աշխատատեղ, միջինը՝ 120 000 դրամ աշխատավարձով։ Սա, ըստ էության, գերակա ոլորտներին համապատասխանող ուղղություն է հանդիսանում, որովհետև նպաստում է մեր արտահանումների մեծացմանը,  նաև մեր լավագույն ապրանք հանդիսացող մրգի, բանջարեղենի սառեցմանը և ավելի բարձր արժեքով արտահանմանը»,-ասաց Մինասյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գյուղատնտեսական շուկա իր շրջայցի ժամանակ շատ է ծիրան հանդիպել, ինչը տարօրինակ է այս սեզոնի համար։

«Երկու օր առաջ շրջում էի գյուղմթերքի շուկաներում՝ նկատեցի, որ հաճախ ծիրան է հանդիպում։ Սխ՞ալ եմ հիշում, որ նախկինում այս սեզոնին ծիրան չէր լինում․ նախկինում է՞լ է այդպես եղել, թե՞ հեղափոխությունից հետո է»,-հարցրեց վարչապետը, որին ի պատասխան գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նշեց․ 

«Նախկինում էլ է եղել․ եղել է սառնարաններում պահած ծիրան, նաև եղել են ուշահաս սորտեր»։