Մինչև օգոստոս ամիսը գյուղատնտեսությունն անհամեմատ ավելի լավ վիճակում էր, քան նախորդ տարի: Այս մասին այսօր, իր պաշտոնավարման 100 օրն ամփոփելիս, նշեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:
«Գյուղատնտեսության կրած ցրտահարության, կարկտահարության վնասները կազմում էին 6 մլրդ դրամ: Համեմատության համար ասեմ՝ նախորդ տարի վնասը կազմել էր 12 մլրդ դրա, իսկ 2016-ին՝ 33 մլրդ դրամ: Այս ամսվա կարկտահարությունից հետո դիմել ենք Արմավիրի մարզպետարան՝ վնասի վերջնական թվերը ստանալու համար:
Եթե նորից կարկուտ չլինի, ապա արդեն սեպտեմբերի վերջերին կկարողանանք ի մի բերել, թե որքան է կազմում վնասը և փոխհատուցել դրա համար»,- նշեց նախարարը:
Գյուղնախը նշեց՝ կառավարությանն առաջարկել են վնաս կրած գյուղացիներին փոխհատուցում կատարելու այլ մոտեցում.
«Եթե նախորդ տարիներին որպես աջակցություն հատկացվում էր հողի հարկը, ջրի վարձը և այդ գումարը հատկացվում էր դրանց համար, ապա այժմ առաջարկում ենք կանխիկով գումար հատկացել գյուղացուն»,- ասաց նախարարը: