Լոռու մարզի Օձուն համայնքում երեկ՝ մայիսի 23-ին, տեղացած ուժեղ կարկուտը վնասել է գյուղացիների 80-ից 90 տոկոս բերքը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը։
Նա նշեց, որ գարնանացանի բոլոր կուլտուրաները մշակվել են ներառյալ ծառերը, բերքը.
«Ինչը որ այս տարի կարողացել ենք ցանել, հիմնականում եգիպտացորեն, կարտոֆիլ, ցորեն, մալինա այդ բոլորը վնասվել են: Տեղեր կան վնասվել են 80 տոսկոս, 90 տոկոս, տեղեր էլ կան՝ 50»,- նշեց համայնքի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է գյուղացիների կրած վնասը ըստ տարածքների հաշվել:
Արսեն Տիտանյանն ասաց՝ երեկ խոսել է մարզպետարանի գյուղբաժնի աշխատակցի հետ, որն ասել է՝ փոխհատուցում չի լինելու.
«Եթե փոխհատուցում չլինի, գյուղացիները կհայտնվեն շատ վատ վիճակի մեջ»,- ընդգծեց նա:
Հետաքրքրվեցինք արդյոք չեն պատրաստվում Կառավարությանը դիմել՝ փոխհատուցում ստանալու նպատակով, նա ասաց, որ այդ կառույցին միշտ դիմել են մարզպետարանի միջոցով, սակայն հիմա, երբ մարզպետարանը նման պատասխան է տվել, չգիտի՝ ինչ կանեն: