Նիժեգորոդի մարզի դատարանը խոշոր գումարի տուգանք է նշանակել ի օգուտ բնակելի շենքի մոտ կայանած «Mazda 6»-ի տիրոջ, ում մեքենան վերևից ընկած ջրի պոլիէթիլենային շշի հարվածից կրել է էական վնասներ: Այդ մասին հաղորդում է «pravo.ru» կայքը՝ հղում անելով Նիժեգորոդի մարզային դատարանի մամլո ծառայությանը:

Արզամասի քաղաքային դատարանը քննել է քաղաքացի Շ.-ի դատական հայցը ընդդեմ քաղաքացի Ա.-ի: Հայցվորը նշել է, որ ընթացիկ տարվա ապրիլի 27-ին նրա 2011թ.-ի թողարկման «Mazda 6» ավտոմեքենայի վրա է ընկել պլաստիկ շիշ, որի հետևանքով վնասվել է մեքենայի տանիքը, դիմապակին և կապոտը: Փորձագետների հաշվետվության համաձայն մեքենայի վերանորոգման համար կպահանջվի 49 հազար 572 ռուբլի, մեքենայի ապրանքային արժեքի կորուստը կազմում է 9 հազար 478 ռուբլի: Հայցվորը խնդրում էր պատասխանողից բռնագանձել 59 հազար 050 ռուբլի:

Պատասխանողը դատարանում հայցվորի առաջադրած պահանջները չի ընդունել: Նա ասել է, որ ինքը գտնվել է իր բնակարանում և այն կարգի բերելիս է եղել: Պատուհանները լվանալիս տղամարդը հանկարծակի կպել է պատուհանի գոգին դրված պլաստիկ շշին: Շիշը ցած է ընկել և դիպել պատուհանի տակ կայանած ավտոմեքենային: Պատասխանողը կարծիք է հայտնել, որ, եթե մեքենայի տերը չխախտեր փոխադրամիջոցի կայանման կանոնները և այն չկանգնեցներ հենց տվյալ տեղում, միջադեպը տեղի չէր ունենա:

Դատարանը եկավ եզրակացության, որ Շ.-ի դատական հայցում ներկայացված պահանջները լրիվ ծավալով բավարարման ենթակա են:

Մեքենայի տիրոջ օգտին բռնագանձվեց 65 հազար 722 ռուբլի, որից 59 հազար 050-ը՝ որպես վնասի փոխհատուցում:

Հեղինակ:
«Փաստինֆո»