Տեղի է ունեցել ոստիկանության կոլեգիայի նիստ, որը վարել է ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցում էին ՀՀ Ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

 

 

ՀՀ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2014 թ. 12 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը: Զեկուցողը նշել է, որ նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու, ավազակության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության դեպքերը:

 

Հաշվետու շրջանում 18,2%-ով աճել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը: Առգրավվել և բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր ներկայացվել է 934 միավոր հրազեն:

 

Ներկայացնելով հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ոստիկանության մարմինների կատարված աշխատանքը՝ Հունան Պողոսյանը նշել է, որ բացահայտման արդյունավետության բարելավում է դիտվում մի շարք հիմնական հանցատեսակներով' սպանության, զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության, ավազակության, կողոպուտի և այլ դեպքերով: Հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառաբանությամբ նախկին տարիներին կասեցված քրեական գործերով բացահայտված հանցագործությունների թիվն աճել է 81,6%-ով:

 

Անդրադառնալով 2014 թ. ոտիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներին՝ Վլադիմիր Գասպարյանը հիմնականում դրական է գնահատել կատարված աշխատանքը:

 

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն անդրադարձել է տարածքային ստորաբաժանումների կողմից տարված աշխատանքին, հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, ստորաբաժանումների ենթակայության վերակառուցման խնդիրներին:

 

Ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը կարևորել է արտաքին ծառայությունների նախապատրաստական աշխատանքները՝ ուղղված 2015 թվականին Հայաստանում նախատեսվող մի շարք խոշոր միջոցառումների ընթացքում հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը:

 

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը ներկայացրել է վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը՝ հաշվետու շրջանում մայրաքաղաքում օպերատիվ իրավիճակի վերահսկման, հասարակական կարգի ապահովման, հանցագործությունները գրանցումից թաքցնելու և այլ արատավոր երևույթներ բացառելու ուղղությամբ:

 

Ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը ներկայացրել է զորամասերի մարտական պատրաստականության վիճակը և այն միջոցառումները, որոնք իրականացվում են անձնակազմի մասնագիտական որակների և նյութատեխնիկական բազայի կատարելագործման ուղղությամբ:

 

Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանը ներկայացրել է համակարգի ինքնամաքրմանը, օրինականության ամրապնդմանն ու ոստիկանի կերպարի ձևավորմանն ուղղված աշխատանքները, որոնց նպատակը բարեփոխումների արդյունքների վերջնական ամրագրումն է:

 

Հաշվետու զեկույցներին հաջորդած քննարկումից հետո ոստիկանության պետը շնորհակալություն է հայտնել տարվա ընթացքում ծառայողական բարձր մակարդակով աչքի ընկած ստորաբաժանումներին ու համակարգի վետերաններին: Ոստիկանության 14 ծառայողներ խիստ նկատողություն են ստացել:

 

Այնուհետև Վլադիմիր Գասպարյանը ներկայացրել է ոստիկանության այս տարվա գործունեության առաջնահերթությունները: Ոստիկանության կոլեգիայի նիստի ավարտին, ոստիկանության հատուկ հանձնաժողովի որոշումով, 2014 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ լավագույն ճանաչված ստորաբաժանումներն ու ծառայողները արժանացել են պարգևների: