Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Ձորաղբյուրում Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակման մյուս 2 մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքը շարունակվում է: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի ներխուժել են Ձորաղբյուր գյուղի Բանակի փողոցում գտնվող առանձնատներից մեկը։ 30-ամյա տանտերը հոր հետ դիմադրություն է ցույց տվել․ գազային ատրճանակով կրակել է հարձակվողներից մեկի ուղղությամբ, որը զինված էր ինքնաձիգով։ Հայր և որդի նրան վնասազերծել են։ Ընթացքում հարձակվողներից երկուսը անկանոն կրակոցներ են արձակել ու դիմել փախուստի։
Նշենք, որ տուժող Արման Մկրտումյանն առանձնատան վրա զինված ավազակային հարձակման ժամանակ դիմադրություն ցուցաբերելիս վնասվածք էր ստացել: Նա ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը փոխանցել էր, որ Արման Մկրտումյանի վիճակը ծանր չէ և նա չի հոսպիտալացվել. «Նրա վիճակը ծանր չէ, և նա հրաժարվել է հոսպիտալացվելուց: Ունի հրազենային վնասվածք, ներքին օրգանները վնասված չեն: Արվել է առաջին վիրաբուժական մշակում և հիվանդը տուն է ուղարկվել»:
Նշենք նաև՝ դեպքի վայր մեկնած ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, քննչական կոմիտեի աշխատակիցներն ու այլ իրավապահ մարմինների ներկայացուցիչներ առանձնատան բակում հայտնաբերել են 7.62մմ տրամաչափի 16 փամփուշտ, նաև սպորտային պայուսակ, որի մեջ եղել է լինգ ու կպչուն ժապավեն։
Գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգը եղել է վնասազերծված տղամարդու մոտ։ Խոսքը Գյումրիի բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ռիժենկոյի մասին է, որը ձերբակալվել էր։
Հարուցվել էր քրեական գործ։ Նշանակվել են փորձաքննություններ։