Կորոնավիրուսով վարակված էջմիածինցի կնոջ մասին հումորային տեսանյութի հեղինակ Սերգեյ Սարգսյանին ծեծի ենթարկելու գործով 3 անձ ներկայացել է Ոստիկանություն և բացատրություն տվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Օրեր առաջ Սերգեյ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Էջմիածնի նշանդրեքից հայտնի կորոնավիրուսով վարակված կնոջ հարազատները իրեն ծեծի են ենթարկել հումորային տեսանյութի համար: Նա նշել էր, որ 3 անհայտ անձինք իրեն ծեծի են ենթարկել Say Cheese սրճարանի մոտ:
Ոստիկանությունը ծեծի մասին հաղորդումը ստացել է մարտի 15-ին և հետաքննություն սկսել: «Ոստիկանները ճշտել են երեքի ինքնությունը, բացատրական աշխատանքների շնորհիվ նրանք ներկայացել են ոստիկանության բաժին և տվել են բացատրություն», - փոխանցեց Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, սակայն այլ մանրամասներ չհայտնեց: