Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և ընկերները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ պատրաստակամ են դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել«Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Արցախի հերոս Արթուր Աղաբեկյանի վերաբերյալ մեղադրանքում նշված գումարը։
«Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։
Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք անել մեղադրանքում նշված գումարը՝ վստահ լինելով, որ «Մարտիկ» հիմնադրամը այսուհետ ևս գործելու է հանուն Արցախի անվտանգության և հայ զինվորի ու սահմանապահի մարտունակության»,– ասված է տարածված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Արթուր Աղաբեկյանին մեղադրանք է առաջադրվել «Մարտիկ» հիմնադրամի գումարները վատնման եղանակով հափշտակելու համար։