«Հայաստան» համահայկական հիմնադրամը տեղեկացնում է, որ գործադիր տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթն ավարտվել է օգոստոսի 31-ի կեսգիշերին: Ինչպես տեղեկացրին հիմնադրամից, ստացվել է 42 հայտ 7 տարբեր երկրներից (Հայաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Շվեյցարիա, Լիբանան): Դիմումների մեծ քանակը փաստում է պաշտոնի նկատմամբ հայտատուների մեծ հետաքրքրությունը:
Ընտրող հանձնաժողովը ուշադրությամբ կքննի դիմումները: Ժողովը կկայանա 2018թ.-ի սեպտեմբերի 10-ին, Երևանում: Հանձնաժողովում ընդգրկված են Հայաստանի և Արցախի նախագահների, ՀՀ վարչապետի ներկայացուցիչները, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ալբերտ Պողոսյանը (Շվեյցարիա): Հանձնաժողովը կգլխավորի Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը (Ֆրանսիա):
Դիմումները քննարկելուց հետո հանձնաժողովը ընտրված թեկնածուին կներկայացնի Հայաստանի Նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի հավանությանը, նա էլ առաջադրված թեկնածուին կներկայացնի Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Միայն դրանից հետո թեկնածուն կստանձնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Նա կպարտավորվի բարեփոխել և առավել հզորացնել այս եզակի կառույցը, որը վերջին 26 տարվա ընթացքում հսկայական ներդրում է ունեցել Հայաստանի և Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում:
Հիմնադրման առաջին օրվանից՝ 1992թ.-ից սկսած, «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացրել է 1100 խոշոր ծրագիր և հազարավոր այլ կարևոր ծրագրեր Հայաստանում ու Արցախում: Դրանց ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 350 մլն դոլար: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի քաղաքական և կրոնական բարձրագույն պատասխանատուներից, ինչպես նաև աշխարհում հեղինակություն վայելող անհատներից: