Եվրոպական խորհրդարանը օրերս, հիմնվելով ԵՄ համաձայնագրի «Հոդված 7»-ի վրա, քվեարկել է Հունգարիայի նկատմամբ աննախադեպ կարգապահական միջոցներ ձեռնարկելու օգտին: Հունգարիայի աջակողմյան կառավարությունը, հանձին' վարչապետ Վիկտոր Օրբանի, մեղադրվել է ԶԼՄ-ների, փոքրամասնությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու, օրենքի գերակայությունն անտեսելու մեջ, որոնք հերքվել են վերջինիս կողմից: Այս առնչությամբ, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է նախատեսվում ԵՄ համաձայնագրի «Հոդված 7»-ով, որոնք են առաջադրված մեղադրանքի հիմնապատճառները, և ինչ նպատակ է հետապնդում ԵՄ կողմից հնարավոր պատժամիջոցների կիրառումը:

Խնդրի էությունն առավել հստակ պատկերացնեու համար' անդրադառնանք ԵՄ համաձայնագրում ներառված բուն հոդվածին. «Հոդված 7»-ով ամրագրվում են ԵՄ հիմնարար արժեքները, որոնք հիմնվում են մարդու արժանապատվության, ազատության, ժողովրդավարության, հավասարության, օրենքի գերակայության, մարդու, այդ թվում՝ փոքրամասնությունների իրավունքների նկատմամբ հարգանքի վրա: Դրանց խախտման, անտեսման դեպքում նախատեսվող գործընթացն ընթանում է երկու փուլով, ընդ որում պարտադիր չէ, որ դրանք կախված լինեն մեկը մյուսից: Առաջին փուլը ենթադրում է կանխարգելիչ միջոցների ձեռնարկում (կիրառվում է այն դեպքում, երբ առկա են ԵՄ արժեքների անտեսման հստակ ռիսկեր), իսկ երկրորդ փուլը' պատժամիջոցների կիրառում (այն դեպքում է կիրառվում, երբ այս առնչությամբ առկա են լուրջ խախտումներ և դրանք կրում են պարբերական բնույթ):

Ահա այս հիմունքներով էլ ԵՄ-ն մեղադրում է Հունգարիայի կառավարությանը' դատական և ընտրական համակարգերում ճնշումներ գործադրելու, խոսքի, կրոնի, միավորումներ կազմելու, ակադեմիական ազատությունը սահմաանափակելու, փախստականների (հատկապես' գնչուներ և հրեաներ) իրավունքները ոտնահարելու, ինչպես նաև համատարած կոռուպցիայի համար: Բացի վերոնշյալ ֆորմալ պատճառներից, ԵՄ կողմից առաջադրված մեղադրանքների համար կարող է հիմք հանդիսանալ նաև դեռևս Օրբանի կուսակցության կողմից (մինչև իշխանության գալը) միգրացիոն քաղաքականության վերաբերյալ կոշտ դիրքորոշումը: Վերջինս մի օրինագիծ էր առաջ քաշել, համաձայն որի՝ ապաստան հայցողներին «ներգաղթը (անօրինական) խթանելու» պատրվակով աջակցություն ցույց տվողները (փաստաբաններ և ակտիվիստներ) քրեորեն պատժվելու էին, որն իհարկե ոչ միանշանակ ընդունվեց ԵՄ կողմից: Խորհրդարանում այս հարցին անդրադառնալով՝ Հունգարիայի ԱԳՆ նախարար Փիթեր Սիյարտոն ԵՄ-ի գործողություններն անվանել է «վրեժ հակամիգրացիոն քաղաքականության նկատմամբ», որի հետ համաձայնել են մի շարք խորհրդարանական ներկայացուցիչներ (այդ թվում' ընդդիմադիր թևի ներկայացուցիչներ): Բացի այդ, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունների ներկայացուցիչների մեծամասնությունն աջակցել է Հունգարիայի կառավարությանը' պնդելով, որ ԵՄ-ի նման քայլը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի (ԵՄ խորհրդարանական' բրիտանացի Նիգել Ֆարաջը ԵՄ այս որոշումը համարել է «ավտորիտարիզմի դրսևորում»): ՄԲ-ն, թերևս, այսկերպ ակնկալում է ստանալ Հունգարիայի աջակցությունը «Բրեքսիթի գործընթացում»:

Ինչ վերաբերում է «Հոդված 7»-ով նախատեսվող պատժամիջոցների սահմանման գործընթացին, ապա պետք է ընդգծել, որ որ այն դեռևս առաջին փուլում է: Եվրախորհրդարանի 2/3-ը կողմ է քվեարկել այս գործընթացի մեկնարկին, սակայն մեղադրանքի հիմնավորման շուրջ փաստարկները դեռևս լիարժեք չեն, ուստի կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու համար անհրաժեշտ է ԵՄ խորհրդի անդամ երկրների կառավարությունների 4/5-ի համաձայնությունը ԵՄ արժեքների ոտնահարման հստակ ռիսկերի առկայության վերաբերյալ: Հատկանշական է այն փաստը, որ «Հոդված 7»-ում ամրագրված չեն ո՛չ կանխարգելիչ հստակ միջոցները, ո՛չ էլ գործընթացի կազմակերպման հստակ ժամկետները, որոնք էլ ավելի անորոշ են դարձնում իրավիճակի հանգուցալուծումը: Այս պարագայում վաղ է խոսել Հունգարիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու (երկրորդ փուլ) մասին, քանզի մինչ այդ ԵՄ խորհուրդը պետք է ստանա Եվրախորհրդարանի մեծամասնության 4/5-ի համաձայնությունը և միայն դրանից հետո ԵՄ խորհուրդը հիմնվելով հավաքագրված փաստերի վրա, պետք է որոշի, թե արդյոք ԵՄ հիմնարար արժեքների խախտումը լուրջ է և արդյոք այն մշտական բնույթ է կրում: Արդյունքում ԵՄ խորհուրդն ի զորու կլինի զրկելու Հունգարիային անդամության այնպիսի իրավունքից, ինչպիսին է ԵՄ խորհրդում ընտրելու իրավունքը, որի համար պահանջվում է ԵՄ խորհրդի 28 անդամ պետությունների ձայների բացարձակ մեծամասնությունը (կազմելով 72%): Սակայն, սա փոքր-ինչ անհավանական է, քանզի անդամ պետությունները կարող են օգտվել իրենց վետոյի իրավունքից:

Թե երբ և ինչի կհանգեցնի ԵՄ-ի կողմից Հունգարիայի նկատմամբ նախատեսվող պատժամիջոցները' դժվար է կանխատեսել, հատկապես, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ այս իրողությունն իր բնույթով նախադեպային է, և ԵՄ անդամ որևէ երկրի նկատմամաբ նմանատիպ գործընթաց նախկինում չի եղել (անցյալ տարվա դեկտեմբերին Եվրահանձնաժողովի կողմից բարձրացվել է Լեհաստանի դատական համակարգի բարեփոխումների հետ կապված խնդիրը, սակայն բավարար ձայների բացակայության պատճառով գործընթացը չի մեկնարկել, իսկ փաստերի հավաքագրման գործընթացը դեռևս շարունակվում է):

Ըստ էության, ԵՄ այս որոշումը պարզապես նախազգուշացում էր' ուղղված Հունգարիային, անուղղակիորեն նաև ԵՄ մյուս անդամներին, ուստի առավել քան հավանական է, որ անցումը երկրորդ փուլին տեղի չի ունենա, հաշվի առնելով այն հանգամանքը (ընդգծված «Հոդված 7»-ում), որ ամրագրված գործողությունների մի փուլը չի ենթադրում պարտադիր անցում հաջորդ փուլին: Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ երկրորդ փուլին անցումը, որը ենթադրում է պատժամիջոցների հնարավոր կիրառումը անդամ երկրի նկատմամբ' կհարվածի նաև սեփական վարկանիշին:

Ամփոփելով կարող ենք փաստել, որ ԵՄ-ի այս որոշման համար առիթ հանդիսացավ Հունգարիայի կողմից ԵՄ հիմնարար արժեքների անտեսումը և քաղաքացիների իրավունքների ոտնահարումը, սակայն հնարավոր է, որ այս գործընթացի հիմքում ընկած են նաև այլ խորքային պատճառներ, ինչպես օրինակ՝ միգրացիոն քաղաքականությունում Հունգարիայի դիրքորոշումը, «Բրեքսիթի գործընթացին» հնարավոր աջակցությունը, ինչի համար էլ ԵՄ-ն «սթափեցնում է» Հունգարիային:

քաղաքագետ

Գոհար Հովհաննիսյան