Երեկ երեկոյան հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ մեղադրանք է ներկայացվել երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին: Ըստ մեղադրանքի, նրա որոշմամբ պետությանը պատճառվել է մոտ 5 միլիարդ դրամի վնաս: Խոսքը, ըստ ՀՔԾ մեղադրանքի, 2013 թվականին գյուղացիական տնտեսություններին մատակարարվելիք էժան դիզվառելիքի մասին է: Եղել է ավելի էժան առաջարկ, եւ այն ընդունելու դեպքում պետության սուբսիդիայի փողը կկազմեր մոտ կես միլիարդ դրամով ավելի պակաս: Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Ըստ այս մեղադրանքի, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը իշխանության ղեկին լինելու տաս տարիների ընթացքում պետությունից, ընդամենը, մեկ միլիոն դոլար է հափշտակել, համեմատության համար նշենք, որ երրորդ նախագահի անվտանգության ծառայության պետ Վաչագան Ղազարյանի մեղքը այս դեպքում ավելի մեծ է, պատճառված վնասն էլ: Սա մի կողմից զավեշտալի է, քանի որ հեղափոխությունը ինքնին իրականություն դարձավ հենց Սերժ Սարգսյանի ու նրա ընտանիքի թալանած միլիարդների թեման արծարծելով: Մյուս կողմից հասկանալի է, որ, ըստ էության, Սարգսյանը կմուծվի և չի կալանավորվի, երրորդ նախագահի կալանավորումը կարող է միջազգային հանրության կողմից անչափ բացասական արձանագրի արժանանալ, իսկ մեր իշխանությունները, դեռևս Ռոբերտ Քոչարյանի քրեական գործը գլուխ չեն բերել: Փաշինյանը նաև հասկանում է, որ Սարգսյանի կալանավորումը իր վերջին խաղաքարտն է, որը նա կպահի ապագայի՝ ֆորս-մաժորային իրավիճակների համար: Չնայած, պետք է փաստել, որ այսօր էլ ֆորս-մաժորը ավելի քան ռեալ է: Արդյո՞ք պատահական էր Սարգսյանին մեղադրանք ներկայացնելը՝ Բրատիսլավայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից ժամեր առաջ:
Փաշինյանը, մի կողմից ցրեց հանրության ուշադրությունը, մյուս կողմից ապահովագրեց իրեն՝ բանակցությունները մտնում են վճռական փուլ և, ինչպես երևում է, Ադրբեջանի ուլտիմատումներից՝ բնավ էլ Հայաստանին ու Արցախին ձեռնտու հունով չեն ընթանում: Այս պարագայում ինչպես Ռոբերտ Քոչարյանը, այնպես էլ Սերժ Սարգսյանը կարող են որոշակիորեն խանգարել Փաշինյանի պլանների իրականացմանը: Սակայն Սարգսյանին «դեղին քարտ» ցույց տալը, ոչ միայն ուշադրությունը շեղող մանյովր է, այլ նաև զգուշացում՝ ըստ էության Փաշինյանը այսպիսով ցույց է տալիս, որ ինքը ամբողջովին դուրս է գալիս հեղափոխության օրերին ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակից: Սա զգուշացում է ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև այն բոլոր անձանց, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են եղել և այդ համաձայնությունների մաս են կազմել: Իհարկե, Փաշինյանը չի կալանավորի Սարգսյանին, սակայն վերջինիս արևմտյան ակտիվացման ֆոնին մեղադրանքի ներկայացումը ավելի քան ակնհայտ մեսիջ է:
Մնում է միայն հասկանալ, արդյո՞ք Փաշինյանը պատրաստվում է քննել նաև առաջին նախագահի մեղքերը, հատկապես, երբ կասկածի տակ է առնում 93 թվի ընտրությունների արդյունքը, իսկ իր բարձրաստիճան թիմակիցները բարձրաձայն հայտարարում են, որ կոռուպցիան Հայաստանում սկիզբ է առել հենց Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին: Եթե Փաշինյանը այս անգամ էլ շրջանցի առաջին նախագահին, ապա հանրության շրջանում վարչապետին ուղղված օբյեկտիվ հարցադրումներ ի հայտ կգան…