Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սեպտեմբերի 23-ին իր քաղաքացիական պարտքը կատարեց 09/47 ընտրատեղամասում:
«Սա վերջին տասնամյակների ընթացքում առաջին ազատ և արդար ընտրություններն են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մարությանը լրագրողների հետ զրույցում:
«Ձայները, որ դուք ստանալու եք, նրա համար է, որ դուք Հայկ Մարությանն եք, թե նրա համար, որ ձեզ առաջադրել է Նիկոլ Փաշինյանը»,- լրագրողի հարցին Մարությանը պատասխանեց.
«Քաղաքականությունը թիմային գործընթաց է, և մարդիկ քվեարկում են թիմի օգտին: Վարչապետը ՔՊ վարչության անդամ է, և իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին: Դա յուրաքանչյուրի որոշելիքն է»:
Հնարավոր կոալիցիայի մասին լրագրողի հարցադրմանն անդրադառնալով՝ Մարությանն ասաց. «Մենք պատրաստ ենք յուրաքանչյուր ֆորմատով աշխատանքի: Մեր թիմի համար ամենակարևորը Երևանը մեր երազանքների քաղաք դարձնելն է, իսկ թե ինչ ճանապարհով դրան կհասնենք, դա կարևոր չէ: Հետևաբար՝ պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ ու պայծառ մտքերն օգտագործել»: