Երեւանի ավագանու կազմ անցած քաղաքական ուժերից՝ «Իմ քայլը» դաշինքն ամենաշատ կողմ քվեն ստացել է Մալաթիա–Սեբաստիայում՝ 86,2 տոկոս, ամենաքիչը՝ Նուբարաշենում՝ 71,5 տոկոս։ Կենտրոն վարչական շրջանում «Իմ քայլը» հավաքել է 75,5 տոկոս ձայն։ Բավական բարձր քվեներ «Իմ քայլը» ստացել է Էրեբունիում՝ 84,6:
  
Վերը նշված ցանկից աչքի են ընկնում հատկապես Մալաթիա-Սեբաստիան և Էրեբունին: Այս երկու թաղամասերը տարիներ շարունակ համարվել են ՀՀԿ քաղաքական ֆորպոստները, և հենց այս թաղամասերում է, որ ՀՀԿ-ն մշտապես ապահովել է միջինից բարձր տոկոսներ՝ «խփելով որքան ուզում են»: ՀՀԿ-ական «տասովչիկներն» էլ այս թաղամասերում կարող են վարպետության օրինակ ծառայել այս «փեշակի» մյուս ներկայացուցիչների համար: Մալաթիայի և Էրեբունու ՀՀԿ-ական ասողներն էլ ժամանակին հենց այդ նույն նվիրյալների շնորհիվ են մտել խորհրդարան և ապահովել նախկին համակարգի վերարտադրությունը և իրենց սեփական բիզնեսի ապահովությանը:
  
Եթե Մհեր Սեդրակյանի դեպքում ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ, քանի որ վերջինս երկար ժամանակ է, ինչ մի կողմ է քաշվել և այս անգամ էլ կարող էր ձեռնպահ մնալ գործողություններից հենց ՀՀԿ-ին իր արժեքը ապացուցելու համար, ապա դժվար է պատկերացնել, որ Սամվել Ալեքսանյանի՝ ֆեոդալական տիրույթ հիշեցնող Մալաթիայում այդքան կտրուկ իրավիճակ է փոխվել: Ընտրապայքարի ընթացքում եղան դեպքեր, որոնք ապացուցում էին Ալեքսանյանի համար ժամանակին աշխատած «տասովչիկների» ճաշակների կտրուկ փոփոխությունը: Խոսքը, մասնավորապես, Երանոսյան Էդուարդի մասին է՝ Արաբկիրի սպորտդպրոցի տնօրենի, ով երկար տարիներ եղել է Արաբկիրի ՀՀԿ կառույցի փոխնախագահ։ Նախորդ խորհրդարանական ընտրություններին նա ակտիվ աշխատում էր Սամվել Ալեքսանյանի համար, իսկ այս ընրտապայքարում սատարում էր «Իմ Քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին: Ինչ խոսք՝ հետաքրքիր զուգադիպություն է..
 
Անգամ եթե ՀՀԿ-ական «տասովչիկներն» աշխատել են առանց Սամվել Ալեքսանյանի կամ Մհեր Սեդրակյանի ուղղորդման՝ նրանց աջակցության էությունը դրանից չի փոխվում՝ «Իմ Քայլը» դաշինքի ջախջախիչ հաղթանակի մեջ նրանք ունեցան իրենց մեծագույն ավանդը:
 
Ս.Խաչատրյան