Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ մեր աշխատանքի և նրա ջանքերի շնորհիվ էր, որ մենք կարողացանք նոր որակի դնել իրավապաշտպան աշխատանքը և ցույց տալ, որ տարածքի քաղաքական կարգավիճակը չպետք է որևէ նշանակություն ունենա մարդու իրավունքների պաշտպանության վրա։ Արցախի ՄԻՊ-ի հետ ունեցած աշխատանքների մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
«Արցախի մարդու իրավունքների պաշտպանի շնորհիվ էր, որ Արցախը միջազգային ասպարեզում ունեցավ ասուլիսներ, չնայած Ադրբեջանը խանգարում էր։ Իրավունքների պաշտպանությունը միշտ առաջնային է։ Այդ առումով՝ ցավում եմ, որ միջազգային կազմակերպությունները ցուցաբերում են միակողմանի մոտեցում։ Ամեն ինչ պետք է անել, որ Արցախը ժողովրդավարության տեսանկյունից ճանաչելի դառնա աշխարհին»,-ասաց Թաթոյանը և հավելեց, որ Արցախի հետ կապված՝ չափազանց արդիական հարց է այնտեղի բնակիչների իրավունքների պաշտապանությունը, այդ թվում՝ կյանքի և իրավունքների պաշտպանությունը: