Արամի 23 հասցեում պատմամշակութային հուշարձան համարվող շենքը, որտեղ անցկացվում են «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի փորձերը, փլուզման եզրին է և երգչախմբի անդամները վաղը միջոցառում են իրականացնելու:

Երգչախմբի անդամ Հռիփիմե Մուրադյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման նպատակը շենքը պահելու համար մեծ աղմուկ բարձրացնելն է:

 

Շենքի մի պատը հարակից է Տերյան փողոցին, որտեղ «Հին Երևան» նախագծով իրականացվում են շինարարական աշխատանքներ: 

Չնայած երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանի՝ քաղաքապետարանին և Մշակույթի նախարարությանն ուղղված  բազմաթիվ դիմումներին, աշխատանքները նախկինի պես շարունակվում են։

«Բոլոր պատասխանատու մարմինները տեղյակ են ու փորձում են մի բան անել, բայց շատ դանդաղ է ամեն ինչ ընթանում ու հնարավոր է՝ մինչև որոշում կայացնեն՝ շենքը կորցնենք»,-ասաց երգչախմբի սանը: 

Հռիփսիմե Մուրադյանի խոսքով՝ խնդրի մասին դիմել են նաև վարչապետ Փաշինյանին և դատական գործ է հարուցվել: 

Հռիփսիմեն փոխանցեց, որ բոլորը համամիտ են իրենց հետ. «Փորձում են օգնել, սակայն դանդաղում է, իսկ հիմնապատն արդեն մի քանի սանտիմետր հեռացել է..»: