«Մոսկվա» կինոթատրոնի սրահում՝ աշխարհի բազում հանդիսատեսների սրտերը նվաճած՝ «Հայաստանի փոքրիկ երգիչներն» են: Համախմբման առիթն ամռանը Շվեյցարիայի 16 քաղաքներում համերգային շրջագայության հիման վրա նկարահանված «Լույսի ձայներ» վավերագրական ֆիլմն է: Երկար մտորումներից հետո այն «միս ու արյուն» է ստացել՝ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ: 

 

Ֆիլմի ստեղծման կապակցությամբ Ծառուկյան ընտանիքի և անձամբ Գագիկ Ծառուկյանի անունից ներկաներին շնորհավորել է Ռոզա Ծառուկյանը՝ նշելով, որ իրենց համար մեծ պատիվ է համագործակցել աշխարհահռչակ երգչախմբի հետ և կյանքի կոչել արդեն երկրորդ համատեղ նախագիծը: Նրա համոզմամբ՝ նորաստեղծ ֆիլմը հնարավորություն կընձեռի էլ ավելի լավ ճանաչել մեր տաղանդաշատ փոքրիկներին և, որ ամենակարևորն է, աշխարհին ներկայացնել մեր մշակույթը: