Հայաստանն այս տարվա ընթացքում, հնարավոր է նույնիսկ մինչեւ աշուն կստորագրի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) անդամակցելու համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտ ինի հետ երկկողմ հանդիպմանը անդրադարձ է կատարվել հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրներին:
«Խոսել ենք հայ-ռուսական օրակարգի բոլոր խնդիրների մասին: Բոլոր այն հարցերի մասին, որ կարող էին մտահոգել մեր հանրությանը. սկսած ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար անհրաժեշտ վարկային միջոցների տրամադրման ժամկետից ու կառուցվածքից, որովհետև ենթադրվում է բավականաչափ մեծ՝ 15 տոկոս դրամաշնորհային էլեմենտ, վերջացրած՝ Եվրասիական տնտեսական միության պայմանագրին միանալու ժամկետների և պայմանների մասին, ավարտած՝ ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներով: Եվ ես պետք է իմ բավարարվածությունը հայտնեմ այդ հանդիպման բովանդակ ությունից: Արդյունքները ժամանակը ցույց կտա: Բայց բովանդակությունը մեզ համար շատ էական էր, շատ կարևոր: Ես կարծում եմ՝ մոտ ժամանակներս մենք արդեն կտեսնենք նաև արդյունքները»,- ասաց նախագահը:
Դիտարկմանը' «ԵՏՄ-ին անդամակցությունն այս տարի չի լինի», նախագահն ասաց, որ Հայաստանը երբեք չի ենթադրել, որ անդամակցությունը կլինի այս տարվանից, ինչ վերաբերում է փաստաթղթի ստորագրմանը, ամենայն հավանականությամբ, այս տարի անդամակցության մասին փաստաթուղթը կստորագրվի:
«Ես չեմ կարծում, որ այս տարի չենք ստորագրի: Ես կարծում եմ՝ կստորագրենք: Եվ հանկարծ, մեկ էլ տեսար, այդ ժամանակը շատ չձգվեց՝ մինչև աշուն: Տեսնենք»,- եզրափակեց նախագահը: