Women's International League for Peace and Freedom (WILPF) միջազգային հասարակական կազմակերպությունը Գերմանիայի Վերդեն քաղաքում հանձնել է Անիտա Աուգսպուրգի անվան «Կինն ապստամբում է պատերազմի դեմ» մրցանակը: Մրցանակը շնորհվում է երկրորդ անգամ և տրվում է խաղաղաշինության գործում ներդրում ունեցած կանանց:

WILPF կազմակերպությունը մրցանակը հիմնել է Վերդեն ու Համբուրգ քաղաքների հետ համատեղ: Հենց Վերդենում է ծնվել և աշխատել Անիտա Աուգսպուրգը: Սա առաջին մրցանակն է, որ ի հիշատակ իր քաղաքացու՝ հիմնել է քաղաքապետարանը:

 

Այս տարի «Կինն ապստամբում է պատերազմի դեմ» մրցանակը եկավ Հայաստան: Խաղաղության այս մրցանակին արժանացավ «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության ղեկավար Գյուլնարա Շահինյանը:

Գյուլնարա Շահինյանը մրցանակին արժանացել է Հայաստանում ժողովրդավարության, կանանց իրավունքների պաշտպանության ու երիտասարդ կանանց ցուցաբերած աջակցության համար: Վերդենի քաղաքապետարանի շենքում տեղի ունեցած միջոցառմանը մրցանակը Գյուլանարա Շահինյանին հանձնել է Վերդենին քաղաքապետ Լուց Բրոքմանը: Արարողությանը ներկա են եղել պետական գործիչներ, Վերդենի քաղաքապետարանի գործկոմի անդամները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ: Արարողության ժամանակ կադրեր են ցուցադրվել Հայաստանի թավշյա հեղափոխության մասին, հնչել են Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից:

Գյուլնարա Շահինյանը ստորագրել և մաղթանք է գրել նաև Վերդենի «Պատվո քաղաքացիների և պատվո հյուրերի ոսկե գրքում»: Միջոցառումից հետո Համբուրգի համալսարանում կազմակերպվել է հանդիպում կանանց կազմակերպությունների և ուսանողների միջև: Համբուրգի գրադարանում հանդիպում է տեղի ունեցել նաև քաղաքացիների հետ:

 

Անիտա Աուսբուրգի հետ աշխատել է նաև Լյուսի Թումայանը, ով Women's International League for Peace and Freedom -ի ներկայացուցիչն է եղել Ազգերի լիգայում: Կանանց իրավունքների և խաղաղության համար պայքարող Լյուսի Թումայանի վաստակը մեծ է նաև Հայոց ցեղասպանության մասին տեղեկությունները աշխարհի տարբեր երկրներում տարածելու գործում: