Երևանի ավագանու ընտրություններից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհատ տաքսու վարորդներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից։
Վարչապետի հայտարարությունը հարցեր առաջացրեց, մասնավորապես՝ ի՞նչ հարկի մասին է խոսքը գնում, քանի որ կար կարծիք, որ անհատ տաքսու վարորդները հարկ չեն վճարում, շատերն անգամ հիմնական աշխատանքից զատ՝ ազատ ժամերին մեքենան ճանաչելի են դարձնում որպես տաքսի և վարում:
Պարզելու համար, թե ինչպիսի հարկատեսակների մասին է խոսքը և վարչապետն ինչ հարկատեսակից է ազատում վարոդներին՝ ԼՈւՐԵՐ․com-ը հարցում ուղարկեց ՀՀ Կառավարություն և Պետական Եկամուտների Կոմիտե։
ՊԵԿ-ի պատասխանը
««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով «Ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացում» գործունեության տեսակը լիցենզավորման ենթակա գործունեություն, որի համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ բաժնի 15.6-րդ կետով սահմանված են պետական տուրքի դրույքաչափեր` ըստ գործունեության իրականացման վայրերի (Երևան քաղաք, այլ քաղաքներ, այլ վայրեր և սահմանամերձ գյուղեր): Դրույքաչափերը սահմանված են ամսական, եռամսյակային և տարեկան ժամանակահատվածների համար: Մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով իրականացնող ֆիզիկական անձինք այդ գործունեության համար ազատված են ԱԱՀ-ից և եկամտային հարկից»:
ՀՀ Կառավարության պատասխանը
Ստացված պաշտոնական պատասխաններից պարզ է դառնում, որ նախկինում էլ վարորդները որևէ հարկ չէին վճարում, միայն ըստ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 15-րդ բաժնի 15.6-րդ կետի՝ սահմանված են պետական տուրքի դրույքաչափ՝ ամսական 12 000 դրամ, որը, սակայն, ըստ որոշ տվյալների, չի վճարվում վարորդների կողմից, քանի որ վերահսկող մարմինը՝ Տրանսպորտային տեսչությունը, լուծարվել է։
Սա է պատճառը, որ այսօր վարորդները շարունակում են վարել տաքսիները՝ անգամ չվճարելով սահմանված տուրքերը, քանի որ վերահսկողությունը հավուր պատշաճի չի կատարվում։
Նոր նախագծով տուրքերի դրույքաչափերը չեն հանվում, այլ նվազեցվում են։ Լիցենզավորված վարորդները շարունակելու են վճարել տուրքը, բայց նախագծով այլ հարկատեսակ չի սահմանվում:
Ստացվում է՝ վարչապետը նման հայտարարություն անելիս ինչ-որ բան կամ շփոթել է, կամ էլ, պարզապես, ընտրություններից առաջ հասարակության շրջանում բարի դրացիական տրամադրություն է փորձել ստեղծել։
ԼՈւՐԵՐ․com-ն այս թեմայի շրջանակներում զրուցեց նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանի հետ, որը նշեց, որ անհատ տաքսիներից միայն 10 տոկոսն է վարում լիցենզիայով, հետևաբար, միայն նրանք պետք է վճարեն սահմանված պետական տուրքը։ Նա հաստատեց, որ ոչ մի անհատ տաքսու վարորդ չի վճարել այդ 12 000 դրամը։
«Ամենաշատը ուժային մարմիններից են անհատ տաքսու վարորդներ՝ ոստիկաններ, ՊՆ սպաներ։ Պետք է նրանց լիցենզիա տրամադրել, որպեսզի նրանք գաղտնի չվարեն այլ լիցենզավորեն, ազատվեն հարկերից և թույլ տան միայն կենսաթոշակային ֆոնդին վճարել»,-նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ ճիշտ կլինի ընդլայնել վարչապետի գաղափարը, լիցենզավորել բոլորին։
Հովհաննիսյանը նաև նկատեց, որ բոլոր տաքսու վարորդների լիցենզավորման դեպքում, եթե ճանապարհային ոստիկանությունը վերահսկի, բացառվում է՝ որևէ մեկն առանց լիցենզիայի տաքսի վարի։
«Կամ բոլորը չեն վճարում, չկա ոչ մի կանոն վերահսկելու՝ դա էլ է լավ, կամ՝ բոլորս լիցենզավորվում ենք, վերահսկվում ենք ճանապարհային ոստիկանության կողմից։ Ուղղակի առաջին դեպքում տաքսու ոլորտում ապագա չես կարող ստեղծել, բանկային համակարգի հետ համագործակցություն չես կարող ունենալ, թոշակ չես կարող ստեղծել։ Կեմերցիա հասկացողությունը եթե բացակայում է, չի կարող որակ լինել, դա կնշանակի՝ Սովետական միությունում ենք ապրում»,-նշեց նա։