ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայությունը նախատեսում է ընդլայնել ապաստան հայցողների կացարանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանի խոսքով՝ կացարանի նոր շենք ունենալու համար աշխատանքները սկսված են:
«Աշխատանք է տարվում Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ: Կազմվել է համապատասխան նախագիծը: Կացարանի շենքը լինելու է Աբովյանում, ՀՀ կառավարությունն արդեն հողահատկացում արել է: Այս պահին կարող եմ ասել, որ ծրագրին օժանդակելու համար կոնկրետ խոստումներ ունենք մեր ամերիկացի գործընկերներից: Մեզ կաջակցեն նաև ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակից, սակայն դեռ որոշակի գումարի հետ կապված խնդիր կա: Առիթից օգտվելով, ուզում եմ միջազգային մեր գործընկերներին կոչ անել, եթե հնարավորություն կա, ապա աջակցեն: Նոր շենքը մեզ հնարավորություն կտա ընդլայնել մեր կարողություններն, ավելի շատ մարդկանց տեղ տրամադրել»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Արմեն Ղազարյանը:
Ընթացիկ տարվա 9 ամիսներին միգրացիոն ծառայությունն ունեցել է ապաստանի 84 հայց, որը ներառել է 145 մարդ: Հայցերից 36-ը ստացել է դրական լուծում, 67 մարդ ստացել է փախստականի կարգավիճակ: Մերժվել է 18 դիմում:
«Հիմնական դիմումները գալիս են Սիրիայից, Իրաքից, Եմենից: Գիտեք, որ Եմենում հումանիտար վիճակը բավական ծանր է, հետևաբար այնտեղից ևս ունենում ենք դիմումներ: Մենք այնպիսի տարածաշրջանում ենք ապրում, որ ցանկացած հակամարտության սրում, բերում է որոշակի ապաստան հայցողների հոսք, ինչպես եղավ Սիրիայի, Իրաքի, Ուկրաինայի դեպքում: Մեզ դիմողների թվում կան և էթնիկ հայեր»,-ասաց Արմեն Ղազարյանը:
Անդրադառնալով ռեադմիսիայի ցուցանիշներին՝ Արմեն Ղազարյանը նշեց, որ ԵՄ-ից ստացված հայցերի թիվը եղել է 769, որը ներառում է 1529 մարդ: 382-ի դեպքում հաստատվել է, որ այդ անձինք Հայաստանի քաղաքացիներ են: Արմեն Ղազարյանը նշեց, որ իրականացվում են վերաինտեգրման ծրագրեր:
«Գործում է մեկ պատուհան ծառայությունն ամբողջական խորհրդատվություն տրամադրելու համար, որպեսզի հարկադիր վերադարձածերն իմանան իրենց առաջին քայլերը, իրականացվող տնտեսական ծրագրերը, որոնցում կարող են ներգրավվել: Այստեղ աշխատում ենք միջազգային մեր գործընկերների հետ: Միգրացիոն քաղաքականության միջազգային զարգացման կենտրոնի հետ սկսում ենք ծրագիր, ըստ որի, երկու տարի շարունակ Միգրացիոն ծառայությունում գործելու են խորհրդատուներ»,-հավելեց նա: