Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, «Ջինիշյան» հիմնադրամի ներկայացուցիչները հայտնել են, որ նախատեսում են կառուցել մանկական վերականգնողական կենտրոն, որը կլինի Սևանի բժշկական կենտրոնի կազմում: Այն արտահիվանդանոցային վերականգնողական ծառայություններ կմատուցի տարածաշրջանի երեխաներին:
Հիմնադրամի ջանքերով կենտրոնը կվերազինվի և կվերանորոգվի` մեկ տարի ապահովելով դրա գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Մինչև 2020 թվականը կավարտվեն շինարարական աշխատանքները, ինչպես նաև կվերապատրաստվի բժշկական անձնակազմը: Այնուհետև այն կհանձնվի առողջապահության նախարարության ֆինանսավորմանը:
Ներկայացնելով նախագծի մանրամասները` հիմնադրամի ներկայացուցիչները ակնկալել են վարչատնտեսական և կազմակերպչական հարցերում նախարարության ուղղորդումը և աջակցությունը` աշխատանքների իրականացման համար` նշելով, որ այս պահին շահառուների ցանկում գրանցվել է վերականգնողական բուժօգնության կարիք ունեցող 88 երեխա:
Ողջունելով նախաձեռնությունը` նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը կյանքի կկոչվի, և հնարավորության դեպքում ծառայությունները կիրականացվեն պետական պատվերի շրջանակներում:
Կողմերը խոսել են նաև նորածինների կոնքազդրային հոդախախտի սքրինինգային ծրագրի վերաբերյալ` անդրադառնալով խնիրներին և լուծման հեռանկարներին: