Ինչպես տեղեկացրել էինք,  Սնանկության գործերով դատարանի դատավորների ընտրության՝ ԲԴԽ-ի որոշումը դժգոհությունների տեղիք է տվել չընտրված դատավորների շրջանում։ Մասնավորապես, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետորսյանն ու Ալեքսեյ Սուքոյանը  դիմել են ՀՀ վարչական դատարան` պահանջելով ստիպել Բարձրագույն դատական խորհրդին՝ վերացնել Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ 2018 թվականի օգոստոսի 6-ի որոշումը։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում դատավոր Կարինե Պետրոսյանը նշեց, որ բողոքարկել են այն ակտը, որով Հանրապետության նախագահին առաջադրվել է Սնակության դատարանի կազմը։

 

«Կիսատ կմնար գործընթացը, եթե չվիճարկվեր նաև նախագահի հրամանագիրը: Դա արդեն ածանցյալ պահանջ է, քանի որ ԲԴԽ-ի որոշման հիման վրա նախագահը հրամանագիր է ստորագրել»,-ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ սկզբում դիմել են ՀՀ վարչական դատարան, այնուհետև, քանի որ չէր վերացվել Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու որոշումը, նրանք դիմել են ՀՀ վերաքննիչ դատարան, որտեղ ևս մերժվել է իրենց պահանջը։

«Այս պահին բողոքել ենք Վճռաբեկ դատարան։ Մենք գտել ենք, որ, ըստ էության, առանձին դատական ակտ չի կայացվել, հետևաբար, որոշում չի կայացվել»,-ասաց Պետրոսյանը։

Դատավորը նաև նկատեց, որ իրեն և Ալեքսեյ Սուքոյանին չընտրված դատավորներից չեն միացել։