«Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում նորանշանակ մարզպետի հետ աշխատելու մեջ, մենք դեռ միմյանց հետ նորմալ շփման մեջ էինք իր փոխմարզպետ եղած ժամանակվանից»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Լոռու մարզի Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է պատրաստվում աշխատել նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, ով իր աշխատանքը գերազանց չի գնահատում:

Քաղաքապետի համոզմամբ, իրենք առաջիկայում ավելի լավ հարաբերությունների մեջ կլինեն միմյանց հետ, քանի որ երկուսի խնդիրն էլ «ժողովրդի շահն առաջ տանելն է»: 

 

«Քաղաքապետն ավելի շատ քաղաքի տնտեսությունն է ղեկավարում և քաղաքապետարանի շենքում նա երբևէ չպետք է զգա՝ կուսակցական է, թե՝ ոչ, կամ որ կուսակցության ներկայացուցիչ է»,-նկատեց Մամիկոն Ասլանյանը:

Իսկ թե կա՞ն արդյոք մտավախություններ՝ կապված նոր մարզպետի հետ, քանի որ վերջինս եկել է հեղափոխական ոգով  և նորանոր բացահայտումների ակնկալիքներով, ՀՀԿ-ական քաղաքապետը պատասխանեց. «Ես ոչ մի խնդիր չունեմ և չեմ էլ ունենա, քանի որ աշխատել եմ մաքուր և կշարունակեմ այդպես էլ աշխատել: Ես վաղուց եմ ճանաչում նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և մենք նորմալ հարաբերությունների մեջ ենք»: 

Հիշեցնենք, որ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը Լոռու մարզպետ նշանակեց նախկին փոխմարզպետ Անդրեյ Ղուկասյանին: 

Արմինե Միքայելյան