Հայաստանում հաստատված նոր իրողությունը տնտեսության զարգացման նոր հեռանկարներ է ստեղծել։ Արդեն լրանում է 2-րդ եռամսյակը և հասարակության սպասելիքները նոր իշխանությունից ավելի շոշափելի են դառնում հատկապես խոստացված տնտեսության աճի և ներդրումների հոսքի մասով։ Ինչպիսի՞ ազդեցություն է ունեցել հեղափոխությունը տնտեսության վրա, ինչքանո՞վ են արդարացվել հասարակության սպասելիքները: Այս և այլ հարցերի շուրջ ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, տնտեսագետ Վարազդատ Կարապետյանի հետ։
-Պարո՛ն Կարապետյան, նոր իշխանությունն արդեն երկրորդ եռամսյակն է ամփոփում, տեսանելի ինչպիսի՞ արդյունքներ ունենք:
-Տնտեսության աճը հնարավոր չէ ապահովել 2-3 կամ 4 ամսվա ընթացքում, որովհետև մարդիկ, տնտեսության մեջ ակտիվ դերակատարները տնտեսական որոշում կատարելու համար միաժամանակ են ուզում, օրինակ, ներդրում անելու որոշումը։ Դրա համար որոշակի ժամանակահատված է պետք, որպեսզի մարդիկ կարողանան ծրագիր կազմել, շուկան ուսումնասիրել, աշխատուժի հնարավորությունները պարզել այդ տարածքում։ Սա մի հարց է, որը ժամանակ է պահանջում։ Երկրոդ հարցը՝ ներդրումներ անելուց հետո ևս ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք այսօր պլանավորվող ներդրումների արդյունքները տեսնել։ Օբյեկտիվորեն, հնարավոր չէ այդ արդյունքները միանգամից տեսնել։ 1-2 ամսվա ընթացքում հնարավոր չէ՝ մարդիկ գային ու հարյուրավոր գործարաններ սարքեին։
Ինչ վերաբերում է վիճակագրությանը՝ այդ տվյալները չեն բնորոշում այդ պահին դասավորվող տնտեսական իրավիճակը. դրանք նախկինում ձևավորված, նախկինում կայացրած որոշումների հետևանքն են, որը մենք էլի տեսնում ենք որոշակի ժամանակահատվածում։Կարծում եմ՝ տնտեսության զարգացման համար շատ կարևոր նախապայման է լավատեսությունը։ Այսօր սփյուռքից բազմաթիվ մարդիկ ցանկանում են մեծ ու փոքր հիմնարկներ հիմնել Հայաստանում, բայց երբ որ ասում ենք սփյուռք՝ դա չի նշանակում, որ հարյուր տարի առաջ են Հայաստանը լքել։ Նրանք այն մարդիկ են, որոնց ծնողները, հարազատները դեռ Հայաստանում են։
-Չնայած լավատեսական տրամադրությանը՝ մարդիկ բողոքում են թանկացումներից, մասնավորապես, մթերքների։ Այդ թանկացումները ինչի՞ հետևանք են։
-Մեր տնտեսության մեջ պետք է յուրաքանչյուր ապրանք առանձին վերցնենք և հասկանանք՝ ինչո՞ւ է այդ ապրանքը թանկացել։ Օրինակ՝ լոլիկի թանկացման պատճառը հիմնականում ջերմոցային տնտեսությունների մեջ է, այսինքն՝ քանակով 3 անգամ ավելի շատ ենք արտադրել, որն արտահանվել է, իսկ ներքին շուկայում, բաց դաշտում մարդիկ լոլիկ չեն արտադրել։ Դա պայմանավորված է և՛ ջերմաստիճանի շատ բարձր լինելով՝ հունիս ամսվա ընթացքում, և որոշակի հիվանդության հետ։ Այսինքն՝ բաց դաշտում չենք ունեցել լոլիկ, որը սեզոնին գին էր նվազեցնում։ Երկրի ներսում արտադրվածը պետք է առանձին ուսումնասիրենք, հասկանանք՝ որն է թանկացման պատճառը։ Պետք է համեմատական անցկացնել միջազգային շուկաների և Հայաստանի շուկաների մեջ։ Պետք է հասկանալ՝ արդյո՞ք հայաստանյան շուկաներում չկա մոնոպոլ ճնշում. սա շատ կարևոր ուսումնասիրություն է պահանջում։
-Նոր իշխանության պայքարը կոռուպցիայի դեմ ինչպիսի՞ անդրադարձ է ունեցել տնտեսության վրա:
-Միանշանակ կարող ենք պնդել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա այլևս։ Կան առանձին դեպքեր, կարող է լինեն նախկինից մնացած պայմանավորվածություններ, որոնք, կարծում եմ՝ ժամանակի ընթացքում կվերացվեն։ Կարևոր է, որ գործարարները ներդրումային որոշում կայացնելիս կոռուպցիան այլևս հաշվի չեն առնում որպես իրենց գործունեության սահամանափակում, որպես հնարավոր վճար, որ իրենց բիզնեսն անեն։ Մենք ծախսերի տեսակներից մեկը բացառել ենք բիզնեսի համար, որի անունը կոռուպցիա է։ Կոռուպցիան անարդյուանվետ հարկային օրենսդրության հետևանք է մասամբ, որ գործարարը, հարկային տեսուչը կարղացել են գնալ համաձայնության՝ ի վնաս պետական բյուջեի։ Մենք պետք է հարկային օրենսդրությունը ձևափոխենք։ Մեր գերխնդիրն այս պահին ոչ թե գումարների վերադարձն է, այլ, որ բոլորս այսուհետ հավասար պայմաններ ունենանք Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար, և գործարար դաշտը ազատ լինի բիզնեսով զբաղվողների համար։
-Նոր իշխանությունը կարո՞ղ է տնտեությունը զերծ պահել ցնցումներից պետական պարտքի մարման ժամանակ
-Մենք հաստատ կարող ենք ասել, որ մեր երկրի տնետսությունը աճում է։ Մենք հաշվի ենք առնում տնեսական աճ, որից անհամեմատ բարձր է իրականում տեղի ունենում, այսինքն՝ վտանգ, որ մենք երբևէ կկանգնենք փաստի առաջ և չենք կարողանա արտաքին պարտքը փակել՝ նման վտանգը բացառվում է։
Արմինե Արմենակյան