ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խոստանում է Երևանի խնդիրները լուծելու հարցում օգնել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին: Այս մասին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանում՝ Երեւանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստից առաջ, որի ընթացքում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:
«Քաղաքացին արդեն իր հույսը կապել է Հայկ Մարությանի ու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի հետ և տվել է մեծամասնության քվեն: Ես այն քաղաքացիներից եմ, ով ոչ միայն պաշտոնով, այլև որպես քաղաքացի, նաև ավագանու նախկին անդամ, փորձելու եմ օգնել, որպեսզի նոր քաղաքապետը հաջողի: Հաջողելը դա քաղաքի խնդիրները լուծելն է: Նախ և առաջ աղբահանության խնդիրը, գուցե՝ տրանսպորտի, շենքերի: Խնդիրները բազմաթիվ են: Դրանք լուծումներ, սրտացավություն ու հոգատարություն են պահանջում: Վստահ եմ, որ այս թիմը հաջողելու է Հայկ Մարությանի գլխավորությամբ»,- ասաց Սանասարյանը: