Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում տևական ժամանակ է՝ կրքերը չեն հանդարտվում։ Համայնքի բնակիչները պահանջում են ՀՀԿ-ական համայնքապետ Ժորա Մարտիրոսյանի և իր թիմի հրաժարականը։

Այսօր աշխատանքից ազատվելու դիմում է գրել Ժորա Մարտիրոսյանի օգնական Գագիկ Բալասյանը։ 

 

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում Մարտիրոսյանն ասաց, որ իր օգնականը դիմումը գրել է ստիպողաբար։

«Մարզպետը ցուցարարների հետ՝ ստիպել են Բալասյանին հրաժարականի դիմում գրել, բայց մանրամասներ չգիտեմ, քանի որ Բալասյանը վատացել է, տարել են Իջևանի հիվանդանոց, իր հետ չեմ կարողանում խոսել»,-ասաց համայնքապետը և հավելեց, որ Բալասյանին ինքն է աշխատանքի ընդունել և չի պատրաստվում ազատել նրան։

Հարցին՝ հնարավո՞ր է նա ևս հրաժարական տա համայնքապետի պաշտոնից՝ Մարտիրոսյանը պատասխանեց․ «Չեմ պատրաստվում հրաժարական տալ, ես ազնիվ աշխատող մարդ եմ, խնդրում եմ այդ հարցն այլևս չտալ»։

ԼՈւՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցեց նաև Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի հետ՝ պարզելու՝ արդյո՞ք նա պարտադրել է Բալասյանին աշխատանքից ազատվել: Վերջինս նկատեց, որ պարտադրանքի մասին խոսք լինել չի կարող։ 

«Իմ այնտեղ լինելու խնդիրն այն էր, որ կար լարվածություն Ազատամուտում։ Գնացել եմ, տեսել, որ համայնքապատի տեղակալի հրաժարականը նույն ժողովուրդը նույն ձևով պահանջում է։ Փորձել եմ հարթել, թույլ չտալ պատրադրանքով խոսեն, պարզապես իմ դիտարկումը եղել է այն, որ տեղակալը 7 օր առաջ դիմում է գրել  աշխատանքից ազատման, հաջորդ օրը՝  ինչ պայմաններում է դիմումը ճղել, չգիտենք, բայց դա մարդկանց մոտ լարվածություն է ստեղծել։ Այսօր այդ հանդիպման ընթացքում Բալասյանը մոտեցավ, ասաց՝ ուզում եմ դիմում գրել, հարցրեց՝ ի՞նձ է ներկայացնելու, ասել եմ՝ նստի, գրի ժողովրդի առջև»,- ասաց Ղալումյանը։

Մարզպետը նկատեց, որ 4․5 ամիս է՝ մարզպետ է և Ազատամուտում այդ ընթացքում քաոսային վիճակ է ստեղծվել, շուրջ 1300 ընտրողներից մեկ օրվա մեջ 940-ը գործող համայանքապետի դեմ է ստորագրել, քանի որ համայնքապետը 10-ամյա ղեկավարման ընթացքում չարաշահումներ, խախտումներ է իրականացրել և նշեց, որ համյանքապետի կողմից նշված խախտումները պարզելու համար մարզեպտարանն արդեն ուսումնասիրություններ է սկսել։

«Մարզպետարանն ուսումնասիրություն է կատարել Ազատամուտ համայնքում, այս պահին համայնքապետի լիազորությունները ժամանակավորապես կասեցված են՝ մարզի դատախազի որոշմամբ»,- հավելեց Ղալումյանը։

Արմինե Արմենակյան