«Երկար ժամանակ է` գրել եմ դիմումը, բայց դեռ ընթացք չկա»,-այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Սևան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը՝ անդրադառնալով աշխատանքից ազատման դիմումին, որը, սակայն, դեռ չի մակագրվել։
Նա նշեց, որ 14 տարի է աշխատում է «Սևան» ազգային պարկում․ զբաղեցնելով ամենացածր պաշտոնները՝ հասել է ամենաբարձր պաշտոնի և արդեն ժամանակն է զբաղվել այլ աշխատանքով․ «3 տարի տնօրեն եմ, դրանից առաջ 2 տարի էլ տնօրենի պաշտոնակատար եմ եղել։ Հերիք չէ՞, հո ես ամբողջ կյանքս այդտեղ չեմ մնալու։ Ես ցանկանում եմ տեղափոխվել միջազգային բիզնես ոլորտ, գիտաարտադրական ոլորտ։ Այն ինձ հոգեհարազատ ոլորտ է եղել նաև մինչև տնօրեն դառնալը։ Բազմիցս դիմում եմ գրել, բայց չի մակագրվել, այս անգամ ավելի լուրջ եմ տրամադրված։ Չգիտեմ՝ ի՞նչ պայման պետք է առաջարկեն, որ համաձայնվեմ շարունակել մնալ։ Տնօրեն եղած ժամանակ այլ աշխատանքով զբաղվելու իրավունք չունեմ և այսպես էլ շարունակել չեմ կարող։ Բոլորին հայտնի է, որ այն, ինչ պատկանում է պետությանը կամ հիմնարկին, ինձ երբևէ չի հետաքրքրել։ Երկրում իրավիճակ է փոխվել, չես կարող և՛ տնօրենի պաշտոն զբաղեցնել, և՛ բիզնեսով զբաղվել։ Կարծում եմ՝ 3 տարին հերիք էր, որ նվիրեցի պետությանը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «Սևան» ազգային պարկի աշխատանքն իր սիրելի գործն է, նախարարի, կառավարության թիմի հետ հոյակապ հարաբերություններ ունի և կշարունակի նրանց կողքին լինել։
Նա բացառեց կարծիքը, թե իր ազատման դիմումը կարող է կապ ունենալ Սևանա լճի խնդիրների հետ, քանի որ Սևանի խնդիրներն, ըստ նրա, 20 տարի է որևէ փոփոխություն չեն կրում․ «Ես հասկացել եմ, որ դեռ 10 տարի էլ պաշտոնավարեմ՝ որևէ փոփոխություն չի լինելու։ Սևանը մեծ գումարներ է ուզում էկոլոգիական խնդիրները լուծելու համար։ Սակայն, եթե այս պահին աղտոտումներն անգամ Սևանից վերացվեն, դեռ մի 150 տարի անհրաժեշտ է, որ խելքի գա, դառնա այն լիճը, որն ունեցել ենք մինչև ապականելը»,- նշեց «Սևան» ազգային պարկի տնօրենը։
Հիշեցնենք, որ Վահե Գուլանյանը «Սևան» ազգային պարկի այն տնօրենն է, որը 2018թ․ ամռանը Սևանա լճի աղտոտման հետ կապված աղմուկից հետո՝ մարդկանց խուճապից հանելու և սեփական փորձով ապացուցելու համար, որ ջուրն անվտանգ է, հրապարակավ խմել էր լճի ջրից։ Այս տարի ևս՝ Սևանա լճում առաջացած ջրիմուռների աղմուկից հետո էլ նա այդպիսի պատրաստակամություն էր հայտնել։
Սոնա Հարությունյան