«Մեր քաղաքական թիմը որոշել է, որ ես չպետք է մասնակցեմ այս ՏԻՄ ընտրություններին, խոսքը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասին է»,-այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը, անդրադառնալով հարցին, թե որն է իր չառաջադրվելու պատճառը:
Ճշտող հարցին, թե ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի առաջադրու՞մն է պատճառը, քանի որ ինքը Սասուն Միքայելյանի օգնականն է եղել, Լիլիթ Ստեփանյանը հրաժարավեց պատասխանել, նշելով, որ Միքայելյանների հետ կապված հարցերն իրեն չեն վերաբերվում:
Ըստ Հրազդանի ներկայիս ԺՊ-ի, իր հետ կապված ՔՊ-ի հետագա պլաններն այլ են եղել, իսկ թե որոնք են այդ պլանները՝ «ժամանակը կգա և ամեն ինչ պարզ կլինի»:
«Աշխատանքի մի շարք առաջարկներ ստացել եմ արդեն ամսի 21-ից հետո աշխատելու համար, սակայն առաջին բանը մոտ 10 օր հանգստանալն է լինելու»,-մանրամասնեց Լիլիթ Ստեփանյանը:
Ստեփանյանի համոզմամբ, նա թեթեևացրել է Հրազդանի առաջիկա քաղաքապետի հոգսը՝ կապված քաղաքում առկա մի շարք խնդիրների հետ. «Միանշանակ, թեթևացրել եմ, լրացուցիչ որևէ ձեռք չի մեկնվում մեր բյուջեին և ամեն ինչ օրինական դաշտում է արվում: Ես նաև ինձ մոտ եմ հրավիրել քաղաքապետի երկու թեկնածուներին, որպեսզի նրանց ներկայացնեմ իմ գործունեությունը և նրանց համար պարզ լինի՝ քաղաքապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո ինչ հարցերով պետք է առաջնայինը զբաղվեն, սակայն դեռ երկու թեկնածուներն էլ չեն պատասխանել»:
Արմինե Միքայելյան