Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ և նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտպանի բողոքը՝ ընդդեմ կալանավորման որոշման․ նա կշարունակի մնալ կալանքի տակ։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Աղվան Հովսեփյանի պաշտպան Սասուն Ռաֆաելյանն ասաց, որ դատարանի որոշումը ստանալու և ուսումնասիրելու դեպքում միանշանակ կդիմեն Վճռաբեկ դատարան․ «Գործը նախաքննության փուլում է գտնվում, վաղ է ինչ-որ բան ասել, բազմաթիվ միջնորդություններ կան, որոնք կներկայացվեն վարույթ իրականացնողին»,- նշեց նա։
Փաստաբանը նշեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական լուրջ խնդիրներ շաքարային դիաբետի և ականջների հետ կապված․ «Դեռևս 1989 թվականից նա ունի շաքարային դիաբետ, իսկ ականջների հետ կապված խնդիրը նրա մոտ առկա է շուրջ 15 տարի։ Դիմել ենք համապատասխան մարմիններին պաշտպանյալիս քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու և հետազոտության ենթարկելու համար։ Դիմումը բավարարվել է, և առաջիկա օրերին Աղվան Հովսեփյանը կտեղափոխվի «Էրեբունի» բժշկական կենտրոնում և հետազոտությունից հետո հնարավոր է՝ վիրահատության ենթարկվեն ականջները»,- ասաց Ռաֆաելյանը։
Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը սեպտեմբերի սկզբին կալանավորվել էր։ Ըստ ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ Աղվան Հովսեփյանը գլխավոր դատախազի և քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները զբաղեցնելու ընթացքում մասնակցել է մի շարք ՍՊԸ-ների կառավարմանը, նաեւ՝ ստացել 190.000.000 ՀՀ դրամ կաշառք, խարդախության եղանակով կատարել 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն, օրինականացրել է (փողերի լվացում) հանցավոր ճանապարհով ստացված ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ գույքը։
Սոնա Հարությունյան