ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում շրջանառվող տեղեկատվության վերաբերյալ, թե ոստիկանության զորքերի կողմից հայ-ադրբեջանական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելու գործընթաց սկսելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ խզել են պայմանագրերն ու հեռացել համակարգից: Պարզաբանումը ներկայացնում ենք ստորև.
«Հրապարակ» թերթի 17.10.18 համարում տեղեկատվություն է հրապարակվել, թե լուրեր են ստացել, որ ոստիկանության զորքերի` հանրապետության պետական սահմանին մարտական հերթապահություն իրականացնելու գործընթաց սկսելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ խզել են պայմանագրերն ու հեռացել համակարգից:
Հայտնում ենք, որ մարտական հերթապահություն իրակաանցնելու ժամանակահատվածում ոստիկանության զորքերի համալրումն ու զորացրումը կատարվել է բնականոն համամասնությամբ, պետական սահմանի պաշտպանությանը մեկնող ստորաբաժանումները կազմավորվում են բացառապես կամավորության սկզբունքով, իսկ մարտական հերթապահությունն իրականացվում է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտում ու զինվորական պարտքի բարձր գիտակցությամբ:
Հավելենք նաև, որ խնդրո առարկա ժամանակահատվածում ոստիկանության զորքերը համալրվել են մի քանի տասնյակ զինծառայողներով, իսկ շուրջ երկու տասնյակ դիմումներ քննարկման փուլում են:
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը այսօր տեղեկություն էր տարածել, որ ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավիճակին՝ սահման մեկնելու եւ այնտեղ ծառայություն իրականացնելու նորույթին: