Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավարտել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկած մոնիթորինգի առաջին փուլը, որն իրականցվում էր Երևան քաղաքի վարչական տարածքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հանրային ծառայությունները կարգավող հանձնաժողովից, հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման հարյուրից ավել դեպքեր, ճշտվել խմելու ջրի նախնական չհաշվառված ծավալներ: Հանձնաժողովում այժմ վերլուծվում և ամփոփվում են առաջին փուլի արդյունքները:
Հոկտեմբերի 15-ից մեկնարկել է մոնիթորինգի երկրորդ փուլը, որը կիրականացվի մինչև հոկտեմբերի 19-ը: Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվում են հանրապետության մարզերում, որին, բացի հանձնաժողովի աշխատակազմից, ինչպես նախկինում, այժմ էլ, մասնակցում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի լիազորված անձինք, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:
Հոկտեմբերի 16-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում մոնիթորինգի մասնակիցներին սեփականատիրոջ կողմից արգելվել է մուտք գործել Էջմիածին քաղաքը սնող ջրատարի վրա կառուցված «Հայասի» կոնյակի, գինու, հյութերի գործարան: Մոնիթորինգ իրականացնող խումբն, արդեն իրավապահների օգնությամբ, նշյալ տարածքում կիրականացնի դիտարկում:
Մարզերում, մինչև հոկտեմբերի 19-ը, շարունակվելու է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման գործընթացի շրջանակներում իրականացվող մոնիթորինգը: