«Ծխախոտն այն հիմնական ռիսկի գործոնն է, որը բերում է մահացության երկու հիմնական պատճառներին, դրանք են՝ քաղցկեղը և սրտանոթային հիվանդությունները, և եթե մենք ուզում ենք ունենալ ցածր մահացություն այս հիվանդություններից, ապա պետք է պայքարենք դրա հիմնական ռիսկի գործոնի հետ, մեր գործողությունները պետք է դիտարկել միայն դրա շրջանակներում»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հարցին՝ թե ԱԺ-ի և կառավարության միջանցքներում ծխող պաշտոնյաներին նո՞ւյնպես արգելվելու է ծխել, նախարարը պատասխանեց․ «Մենք ծխելը չենք արգելում, մենք ուղղակի սահմանափակում ենք այն վայրերը, որտեղ կարելի է ծխել»։
Թե ինչպես են անցկացվելու վերահսկումները, Թորոսյանը նշեց, որ վերահսկելու մեխանիզմները տարբեր հիմնարկներում տարբեր մարդկանց վրա է դրված։ Կոնկրետ պետական կառավարման մարմիններում, հիվանդանոցներում, դպրոցներում այդ խնդիրը հիմնարկի գործադիր իշխանության վրա է դրված։
Դիտարկմանը, որ տուգանքները շատ բարձր են, նախարարը նշեց, որ տուգանքների չափն էական չի, այդ տուգանքները տուգանելու համար չեն, այլ կանխարգելելու, իրենք այդ տուգանքներից ոչ մի գումար չեն ուզում, այլ ուզում են, որ չխախտվեն այդ արգելքները։