«Զորակոչիկները չպետք է վճարեն բուժօգնության համար։ Առաջին անգամ չէ, որ զորակոչիկների մոտ այնպիսի առողջական խնդիրներ են հայտնաբերվում, որոնք կարելի էր հաղթահարել, եթե ժամանակին սկսեին բուժումը կամ վիրահատություն անեին»,- այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ լավ կլինի նման օգնություն ցուցաբերել զորակոչից մեկ-երկու տարի առաջ:

 

«Քթի միջնապատն ուղղելը կամ ատամները բուժելն ավելի լավ է անել զորակոչից առաջ, որպեսզի հետո զինվորին չտանեն հոսպիտալ: Ես կարծում եմ՝ բարոյական տեսանկյունից ճիշտ չէ, որ դրա համար վճարեն զինվորների ընտանիքները»,- ասաց նախարարը:

Նա նշեց՝ զինծառայողնողները բուժզննում կշարունակեն անցնել ծառայության ընթացքում. «Ծառայության հետ անհամատեղելի հիվանդություններին նախկինի նման կհետևեն նաև զորամասերում։ Իսկ նման հիվանդություններ բացահայտելու դեպքում զինվորն անհապաղ կզորացրվի»,- նշեց Թորոսյանը: