«Առողջապահության համակարգի ծանրաբեռնվածությունը գնալով ավելանում է: Դեռևս տանելի բեռնվածություն է, սակայն բեռի ավելացմանը զուգընթաց պետք է անենք այնպես, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց օգնության։ Մեր հիմնական նպատակը դա է այս պահին», - ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը վստահեցրեց, որ բժշկական սարքերի, բուժանձնակազմի պակաս այս պահին չկա։ Նաև նշեց, որ հիվանդանոցային համակարգում 350 ազատ մահճակալ կա դեռևս։ Թորոսյանն անդրադարձավ նաև այն քննադատություններին, թե Հայաստանում բավականաչափ թեստավորում չի իրականցվում:
«Հայաստանն արված թեստերի քանակով համեմատելի է Ճապոնիայի, Իտալիայի հետ։ Խոսքը մեկ հայտնաբերված դեպքի համար արված թեստերի քանակի մասին է: Կան երկրներ, օրինակ, Արաբական էմիրատները, որ մեզանից տասն անգամ ավելի շատ են անում, բայց մենք վատ դիրքում չենք այդ առումով և մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են»։ Նախարարը նիստի ընթացքում նաև տեղեկացրեց, որ Հայաստանի ամբողջ պահանջարկը բավարարող բժշկական դիմակների արտադրություն է մեկնարկել: Իսկ առողջապահության նախարարության կողմից սկսվել է անհատական պաշտպանիչ արտահագուստի արտադրություն՝ նախնական 100 հազար արտահագուստի քանակով: «Հայաստանում սկսվել է եռաշերտ բժշկական դիմակների արտադրություն այնպիսի քանակներով, որ ՀՀ-ում դրանց դեֆիցիտ երբեք չի առաջանա։ Արտահագուստի քանակի խնդիր չենք ունենա, միակ խնդիրը կլինի դրանք ձեռք բերելը, քանի որ դրանք և ի սկզբանե թանկ են եղել և այս իրավիճակում թանկացել են հիմնականում հումքի թանկացման և լոգիստիկ խնդիրների պատճառով։ Մինչ այս արտադրությունները սկսելն էլ մենք ունեցել ենք փոքր քանակի ձեռքբերումներ տեղում, և մեծ քանկաների ձեռբերումներ՝ Չինաստանից։ Այս առումով կարծում եմ՝ միակ խնդիրը լինելու է ֆինանսական ապահովումը, ոչ թե դրանց առկայությունը»։ Անդրադառնալով FFP 3 և N 95 դիմակներին՝ նախարարը նշեց, որ այս պահին ՀՀ-ն դրանց արտադրության համար անհրաժեշտ հաստոցի ձեռքբերման փուլում է։«Եթե սա էլ տեղի ունենա, կարող ենք սկզբունքորեն ասել, որ պաշտպանիչ միջոցներով ինքնաբավ ենք», - ասաց նա: