«Շենգավիթ» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 20-ին նորածին է մահացել։ Այս մասին ԼՈւՐԵՐ․com-ին հայտնեցին Ոստիկանությունից։
Մահացած փոքրիկի հարազատները մեղադրում են ծնունդն ընդունող բժշկին՝ Արաքս Հակոբյանին․ «Առավոտյան ժամը 9-ին ասում են՝ երեխան ծնվել է, մեկ ժամ հետո ասում են՝ երեխայի վիճակը ծանր է, ժամը 14։00–ին ասում են՝ երեխայի մահվան վկայականի համար էսինչ թղթերն են պետք։ Մենք մեղադրում ենք բժշկին, որ ժամանակին անհրաժեշտ օգնություն չի ցուցաբերել, կեսարյան հատում չի արել, հետո երեխային վնասելով է հանել։ Բժիշկը սպանել է երեխուն, մեզ ասել է՝ երեխան դեռ շնչում է։ Ծննդկանին կեսարյան հատում ցուցված չի եղել, երբ ծննդկանը վատ է իրեն զգացել, խնդրել է իրեն կեսարյան հատում անել, սակայն բժիշկուհին անտեսել է՝ ասելով «վեր ընկիր տեղդ»։ Բժիշկն ասում է, թե իբր հղիության ժամանակ են խնդիրներ եղել, բայց անկետայով փաստել ենք՝ ոչ մի խնդիր չի եղել։ Սա առաջին դեպքը չէ, որ իրենց հիվանդանոցում երեխա է մահանում»,- պատմել է նորածնի հորեղբայր Անդրանիկ Գևորգյանը։
Մահացած նորածնի հարազատները բողոք են ներկայացրել ոստիկանություն, Առողջապահության նախարարություն, պատրաստվում են դիմել նաև Գլխավոր դատախազություն։ Նրանց խոսքով՝ երեխայի մահվան համար բոլոր մեղավորները ամենայն խստությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն և պատժվեն։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ծնունդն ընդունող բժշկուհի Արաքս Հակոբյանից, սակայն նրա հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց։
ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը հայտնեց, որ «Շենգավիթ» ԲԿ-ում նորածնի մահվան փաստի առիթով Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ:
«Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՔՕ 130 հոդվածի 2-րդ մասով՝ (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով)»,- ասաց Հարությունյանը։
Դատաբժշկական նախնական փորձաքննության համաձայն՝ նորածինը մահացել է գանգուղեղային վնասվածքից։