Ժամանակակից աշխարհն արագ է փոփոխվում, այն օրեցօր դառնում է ավելի փոքր, քանի որ խորանում են հարաբերությունները, փոխազդեցությունները, իսկ որպեսզի բիզնեսը և մարդիկ իրենց հարմարավետ զգան այս միջավայրում, անհրաժեշտ է ներդաշնակեցնել օրենսդրությունները: Այդ մասին Եվրասիական գործընկերության երրորդ համաժողովի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Ժամանակակից աշխարհում տեխնոլոգիական առաջընթացը և մրցակցությունը մի կողմից, և մյուս կողմից՝ հասարակության ամբողջ վերակազմավորումը հենց այն հիմնական ուղղություններն են, որոնց միջոցով կարելի է իրագործել երկրների տնտեսությունների առաջընթացը և արդիականացումը: Գաղտնիք չէ, որ տնտեսության արդյունաբերականացումը փոխում է ամբողջ կենսակերպը: Հենց այսպիսի խորքային տեխնոլոգիական փոխակերպումների միջոցով է, որ լուրջ մարտահրավերներ են ի հայտ գալիս, որոնք ավելի լավ է լուծել համատեղ ուժերով»,- նկատեց Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ համաշխարհային միտումը ցույց է տալիս, որ խոշոր երկրները միայնակ ի վիճակի չեն արձագանքել նմանատիպ բոլոր մարտահրավերներին:
Վերջինիս հավաստիացմամբ՝ տարածաշրջանային տնտեսական միավորումների ստեղծումը մի կողմից պատասխան և արձագանք են այս համաշխարհային մարտահրավերներին, մյուս կողմից՝ հնարավորություն ի հայտ բերելու երկրների ներուժը, որոնք միավորվում են տարբեր կառույցների շրջանակներում: