Սահմանադրական փոփոխությունների նախագծում իրականում կան շատ ռիսկային և վտանգավոր դրույթներ: ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց իրավաբան Տիգրան Սարգսյանը:
Իրավաբանն այն կարծիքին է, որ Սահմանադրության էությունը հենց պետական իշխանության համար սահման դնելն է: Ցանկացած իշխանություն հակում ունի ընդարձակվելու, իսկ քանի որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը գալիս է իշխանությունից, բնական է, այդ սահմանը փոփոխելու ցանկություն ունեն և փոփոխվում է պետական իշխանությունն ընդարձակելու նպատակով:
Ըստ նրա՝ նախագծում այնպիսի սկզբունքներ կան, որ աշխարհում հայտնի իրավական պատկերացումներին հակասում են:
Խոսելով կառավարման կարգի մասին իրավաբանն ասաց՝ սահմանադրության փոփոխությունների նախագծով ամրագրված է, որ պառլամենտը ձևավորվում է համամասնական ընտրակարգի միջոցով և ձայների որակյալ մեծամասնություն չունենալու դեպքում անցկացվելու է երկրորդ փուլ, և երկրորդ փուլում քվեարկվելու են միայն երկու կուսակցություն:
«Եթե մենք նայենք մեր պատմությունը, մենք չենք ունեցել դեպք, երբ պառլամենտական ընտրությունների միջոցով կայուն մեծամասնություն ձևավորված լինի, ամենամեծ հեղինակություն ունեցող կուսակցությունները 30 տոկոս են հավաքել ընտրություններում: Ենթադրում եմ, որ մենք ապագայում էլ կայուն մեծամասնություն ընտրությունների միջոցով չենք ձևավորելու: Այսինքն՝ մենք պարտադիր ունենալու ենք երկրորդ փուլ, ինչից էլ հետևություն՝ մենք պառլամենտում ունենալու ենք երկու կուսակցություն»,- նման տեսակետ հայտնեց Տիգրան Սարգսյանը:
Բանախոսը նկատում է ՝ գործող սահմանադրության համաձայն քաղաքացիները նաև կարող էին ինքնաառաջադրվել մեծամասնական ընտրական կարգով: Այս հիմնադրությը վերացվել է, ինչն էլ մարդու իրավունքների սահմանափակում է
Խոսելով պետության գլխի ինստիտուտի մասին՝ իրավաբանն ասաց, որ այն ունենալու է միայն ձևական բնույթ: Չնայած, սահմանված է, որ պետության գլուխը նախագահն է, բայց նրան տրված չէ պետության գլխին հատուկ գործառույթներ: «ԶՈւ գերագույն հրամանատարի կարգավիճակը բոլոր երկրներում հատուկ է միայն պետության գլխին, իսկ մեր մոտ՝ վարչապետին: Օրենքները ստորագրում և հրապարակում է նախագահը և վետոյի իրավունք ունի, նոր տարբերակով՝ պետության գլուխն իրավունք ունի միայն օրենքն ուղարկել սահմանադրական դատարան, որն էլ կորոշի այդ նախագծերի սահմանադրականությունը: Իրականում սահմանադրական փոփոխությունների նախագծով պետությունը գլխատվում է: Չենք ունենալու պետության գլուխ»- ասաց բանախոսը: