«Եվրասիական շաբաթ» համաժողովը հաջորդ տարի կանցկացվի Ղրղզստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Երևանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» համաժողովի ընթացքում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Վերոնիկա Նիկիշինան: Նրա խոսքով` հաջորդ ֆորումի կիզակետը լինելու է գյուղատնտեսությունը:
«Դեռ վերջնական որոշում չկա սրա հետ կապված, բայց, ամենայն հավանականությամբ, թեման դա կլինի»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն տարի ֆորումն անցկացվելու է ԵԱՏՄ երկրներից մեկում: Անդրադառնալով Երևանում անցկացվող համաժողովին՝ Նիկիշինան առավելապես ընդգծեց դրա շրջանակներում անցկացվող ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են վեց կարևորագույն ոլորտներ, իսկ մասնակիցների քանակը հատել է 100-ը:
«Մենք կարող ենք ասել, որ ոլորտների ընտրության հարցում չենք սխալվել: Մենք ուզում էինք, որ բիզնեսը լինի մեր ֆորումի կենտրոնում»,-նշեց նա:
Նիկիշինան խոսեց նաև հավելվածի մասին, որը հնարավորություն տվեց համաժողովի մասնակիցներին ավելի հեշտ հանդիպումներ կազմակերպել, ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն:
«Այդ հավելվածը բեռնել է 500 հոգի»,-ասաց նա:
Եվրասիական շաբաթ առաջին ֆորումն անց է կացվել 2016 թվականին Մոսկվայում, երկրորդը՝ 2017 թվականին` Աստանայում: