Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Վ․ Բրյուսովի անվան համալսարանում․ ըստ տեղեկությունների՝ աղջիկները հարցեր են պարզել՝ ըստ վարկածներից մեկի՝ ուսանողուհիներից մեկի երակները կտրելով՝ die (մեռի) «փորագրելով»։ Մեկ այլ վարկածի՝ ուսանողուհուն դանակահարել են։ Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ մի քանի անձ, ներկայանալով առաջին կուսի ուսանողներ՝ մուտք են գործել համալսարան, որից հետո ուսանողներից մեկին կանչել են 5-րդ հարկ, ծեծի ենթարկել, ապա դանակահարել: Այնուհետև արյունահոսող աղջկան տեղափոխել են հիվանդանոց:

ԼՈւՐԵՐ․com—ի թղթակցի հետ զրույցում Ոստիկանության լրատվության և հասարակայնության և կապերի հետ բաժնից տեղեկացրին, որ Բրյուսովի անվան համալսարանից ահազանգ ստացել են․ «Վնասվածք հասցնելու վերաբերյալ ահազանգ ստացել ենք, այս պահին ճշտվում է»։

Տեղեկությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար ԼՈւՐԵՐ․com—ի թղթակիցը զրուցեց նաև Բրյուսովի անվան համալսարանի պրոռեկտոր Գրիշա Թամրազյանի հետ:

«Ուսանողներից մեկը լսարանում հայտարարել է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել։ Նա մեզ հետ զրուցելիս չասաց՝ ինչ է եղել։ Ասաց՝ չի հիշում ինչ է տեղի ունեցել, միայն ասաց՝ հարվածել են իրեն։ Այլ մանրամասներ նա չկարողացավ հայտնել, քանի որ հուզված էր և ցավեր ուներ։ Ահազանգ է կատարվել բուժկետ, որտեղից ասել են, որ երեխան ասել է՝ գլխին և որովայնին հարվածներ է ստացել և հարկավոր է դիմել շտապօգնություն։ Այնուհետև զանգահարել ենք ոստիկանություն և, ըստ երևույթին՝ քրեական գործ է հարուցվել»,- ասաց համալսարանի պրոռեկտորը։

Իսկ թե ինչ է տեղի ունեցել իրականում, կներկայացնենք առաջիկայում։

Սոնա Հարությունյան