2015 թվականին Երևանի Նորք թաղամասում վնասազերծված 20 հոգանոց զինված խմբի անդամներից միայն խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն է, որ դեռևս կալանավորված է։
Վարդանյանի պաշտպան Սիրուշ Աղվանյանը ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ միջնորդություն է ներկայացրել խափանման միջոցը փոխելու համար, սակայն դատարանը մերժել է այն։
«Առանձնապես հիմքեր չկան միջնորդությունը մերժելու համար. շաբլոն, սովորական հիմքեր են, առանց անհատականացնելու, թե կոնկրետ Արթուր Վարդանյանը ինչով կարող է խոչընդոտել՝ թաքնվելով, թե նոր հանցանք կատարելով՝ նշված չէ»,- ասաց Աղվանյանը։
Պաշտպանը նշեց, որ նոր միջնորդություն է ներկայացրել, որպեսզի նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվի 3 մլն դրամ գրավով։
Հարցին՝ ո՞վ է պատրաստվում վճարելու գրավը, Աղվանյանը պատասխանեց․ «Հարազատներն են վճարելու գրավի գումարը։ Ուրբաթ օրն արդեն պարզ կլինի միջնորդության պատասխանը»։
Դիտարկմանը, որ խմբի բոլոր անդամները նույն քրեական գործի շրջանակներում են ազատ արձակվել, ինչը կարող է լինել միայն Արթուր Վարդանյանին անազատության մեջ պահելու հիմքը, պաշտպանը նկատեց․
«Հիմք կարող է միայն լինել այն, որ Արթուր Վարդանյանը խմբի պարագլուխն է համարվում և այն ժամանակ ներկայացվել է, որ խմբում ահաբեկիչներն են և պատրաստվում են հին իշխանություններին վատ բաներ անել»,- ասաց Աղվանյանը և հավելեց, որ նախորդ իշխանություններին փոխելու համար գլուխ բարձրացրած մարդկանց փորձում են պատասխանատվության ենթարկել այս իշխանության օրոք։
Նշենք, որ այս գործով դատավարությունը ընթանում է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։ Այս գործով վերջին երեք ամիսներին կալանքից ազատվել է պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը և խմբի մնացած անդամները, բացի պարագլխից։
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար: