Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ ընթանում է Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազը ներկայացրել է ամբաստանյալ Արթուր Վարդանյանի մեղադրական եզրակացությունը, ըստ որի, խմբի անդամներ Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մադոյանը, Ավետիս Բարեյանը և Արման Հայրապետյանը, լուսանկարել կամ տեսագրել են Արթուր Վարդանյանի համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները:
«Այդ օբյեկտների թվում են եղել ՀՀ արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հայրական տները, դրանց մատույցները, Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ինչպես նաև ՀՀ նախագահի նստավայրը, Բարեկամության հրապարակը, Ֆրանսիայի հրապարակը, Հաղթանակ և Կիևյան կամուրջները: Գևորգ Ջնդոյանը սևագիր գծագրել է ՀՀ սահմանադրական դատարանի շենքը, դրա մատույցները և հարակից տարածքները»,- նշված է եզրակացությունում:

 


Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր' նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն' զավթել' բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: